գլխավոր Աշխարհ Թբիլիսիում անհայտ անձն ավազակային հարձակում է գործել բանկի վրա և պատանդներ վերցրել

Թբիլիսիում անհայտ անձն ավազակային հարձակում է գործել բանկի վրա և պատանդներ վերցրել

Անհայտ անձը, որն այսօր ավազակային հարձակում է գործել Վրաստանի ամենախոշոր առևտրային բանկերից մեկի՝ Վրաստանի բանկի Թբիլիսիի մասնաճյուղի վրա, պատանդների մեծ մասին ազատ է արձակել․ այժմ նրա մոտ պատանդ է մնում 1 մարդ, վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքին հղումով գրում է ՏԱՍՍ-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ի սկզբանե ականատեսները հայտնել են մի քանի հարձակվողների մասին, սակայն ավելի ուշ պարզվել է՝ չարագործը միայնակ է գործել: Իրավապահ մարմինների աշխատակիցներն արդեն բանակցություններ են վարում նրա հետ։ Դեպքի վայր է ժամանել ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեն։

«Ռուսթավի-2»-ի տվյալներով՝ բանկի մասնաճյուղը գտնվում է մայրաքաղաքի Հավլաբարի թաղամասում․ այն շրջափակված է ոստիկանության կողմից։ Ականատեսները հայտնում են, որ կրակոցներ չեն հնչել։

Իրավապահ մարմինների աշխատակիցները փակել են նաև բանկի հարևանությամբ գտնվող «Հավլաբարի» մետրոյի կայարանը: 

Ներքին գործերի նախարարությունը դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չի արել: