գլխավոր Իրադարձային Կարծում եմ՝ Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանցք չի կարող տրամադրվել․ Արմեն Խաչատրյան

Կարծում եմ՝ Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանցք չի կարող տրամադրվել․ Արմեն Խաչատրյան

Պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ շահը չանտեսվի, իսկ այդ շահը ենթադրում է, որ Մեղրիի տարածքով ադրբեջանցիները չեն կարող ունենալ միջանցք։ Այս մասին, Tert.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Դիտարկմանը, թե մի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայատյաց հայտարարություններ է անում, մյուս կողմից խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին, Խաչատրյանն արձագանքեց, թե այն, որ ճանապարհների ապաշրջափակումը ՀՀ-ի համար կարևորագույն հարց է, միանշանակ է։

«Այն, որ ճանապարհների ապաշրջափակումից հետո տնտեսության մեջ զգալի փոփոխություններ կզգանք և նոր հեռանկարներ կունենանք, դա ևս միանշանակ է, բայց այն պատկերացումները, որոնք ապաշրջափակման վերաբերյալ ունի Ալիևը, մեզ համար, մեծ մասամբ, գուցե, անընդունելի են։ Դուք, երևի, նշում եք Սյունիքի մարզով ինչ-որ միջանցք տրամադրելու հարցը․ ես կարծում եմ՝ նման հարց չկա, չի էլ կարող լինել Սյունիքի մարզով միջանցքի տրամադրում Ադրբեջանին։ Բազմաթիվ ճանապարհներ կան, որոնք կարելի է ապաշրջափակել և Ադրբեջանի ու Նախիջևանի կապն ապահովել՝ ոչ Սյունիքի մարզով ինչ-որ միջանցքի տրամադրում։ Նման հարց չի կարող լինել»,-հայտարարեց նա։