գլխավոր Իրադարձային Պատերազմից հետո խոսել, որ ամեն ինչ շատ լավ է և լրիվ անվտանգ...

Պատերազմից հետո խոսել, որ ամեն ինչ շատ լավ է և լրիվ անվտանգ է, իհարկե, ճիշտ չի լինի․ Արմեն Խաչատրյանը՝ Սյունիքի մասին

Ես Սյունիք շատ հաճախ եմ այցելում՝ գուցե ամեն շաբաթ, ինձ այնտեղ ներկա կամ բացակա դնողը Մեղրիի քաղաքապետը չէ։ Առաջիկա օրերին էլ նորից գնալու եմ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Մեղրիի քաղաքապետի այն հայտարարությանը, թե պատգամավորը Սյունիք, և, մասնավորապես, Մեղրի, չի այցելել։

Անդրադառնալով Սյունիքի անվտանգությանը՝ Խաչատրյանն ասաց՝ կարող են լինել Սյունիքում, ուսումնասիրել՝ այս պահին անվտա՞նգ է, թե՞ վտանգավոր։

«Սյունիքում խնդիրները բազմաթիվ են, այն դարձել է անմիջական սահման, դրա հետ կապված մեծ աշխատանք կա անելու՝ տեսահսկման համակարգերի տեղադրում, փշալարեր, այդ աշխատանքները հեռու են վերջնական լինելուց։ Պատերազմից հետո խոսել, որ ամեն ինչ շատ լավ է և լրիվ անվտանգ է, իհարկե, ճիշտ չի լինի»,-ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, թե Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք է, Խաչատրյանն արձագանքեց, թե Ալիևի պոռոտախոսությունն ու բացահայտ ցինիզմը գնահատում է նրա հոգեվիճակի հետ անմիջական կապի մեջ։

«Ես կարծում եմ՝ ինքն արդեն հոգեխանգարումներ ունի, ես հարցով կպատասխանեմ Ալիևի այդ հոխորտանքին՝ իր պապը կամ ապուպապը ո՞ր երկրի քաղաքացին կամ բնակիչն են եղել։ Այդ հարցին չի կարող պատասխանել, որովհետև իր ղեկավարած պետությունն այդքան պատմություն չունի»,-ասաց նա։

Աղբյուր` Tert.am