գլխավոր Տեսանյութեր Ներողություն եմ խնդրում ժողովրդից, որ ձեր մասին մի քիչ այլ կարծիքի եմ...

Ներողություն եմ խնդրում ժողովրդից, որ ձեր մասին մի քիչ այլ կարծիքի եմ եղել. Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլին» (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում կառավարության կատարողականի մասին ելույթ ունենալիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ժամ ելույթ ունեցավ և հեռացավ, ինչը գնահատում է խորհրդարանին արհամարհանք:

«Ամբողջ ելույթները թե կառավարության ներկայացուցիչների, և պատգամավորների հետևյալի մասին ՝ 30 տարի երկիրը թալանվել է, դրա համար այս վիճակն է, բայց այդ 30-ից երեք տարին իրենք են ղեկավարել, որը 10 տոկոսն է կազմում: Բա որ նրանք մեղավոր չլինեին, դուք ինչ գործ ունեիք էստեղ, ձեզ ով պետք է ընտրեր, բոլորը գիտեն, որ նրանք մեղավոր են,  դրա համար հեղափոխությունը եկավ»,-ասաց նա և նշեց, որ իրենք մոդերատոր են, երկրի ղեկավար չեն: Ըստ նրա ամենալավ, դասական ձևակերպումը տվել է առաջին նախագահը ասելով՝ ազգակործան պատուհաս:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը գալիս է նրա համար, որ նախկինները չգան: «Ես պաշտոնական առաջարկ եմ անում,  Ռոբերտ Քոչարյանից սկսած՝ մինչև նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ մի կողմ քաշվեք, և մենք այս մարդկանց կդարձնենք մի հատ փոքր, քիփլիկ ընդդիմադիր խմբակցություն՝ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով: Մի կողմ չքաշվեցիք, ձեր դեմ քարոզարշավով գնալու են վերարտադրման ճանապարհով, սա է տարբերակը: Պետք է լինել ազնիվ, այս մարդկանց ուժ տվողը ձեր դեմ ելույթներ են: Եկել ասում է՝ քառահարկ տուն է կառուցել գեներալը, երեք տարի է՝ դուք էիք,  բռնեիք, դատեիք, տունը վերցրեք, չագուչն էլ էր ձեր ձեռքը, մեխն էլ»,-ասաց նա և նշեց, որ հենց հրաման տալու ժամանակն է գալիս, ասում են՝ մոդերատոր ենք, երկրի ներսում գոռգոռացող են, իսկ երկից դուրս՝ կուչ եղած:

«Ժողովուրդը պետք է իմանա, որ խաբվել է, այս հեղափոխությունը եղավ, որ ավելի լավ ապրեն, ավելի հավասար լինեն, բայց հավասարությունը խաբկանք է, այդ հասարակությունը  չի ապահովել: Իրենք լավ են ապրում, դուք ոնց ապրել եք, նենց էլ ապրում եք: Տասը տոկոս իրենք են ղեկավարել, տասը տոկոսով որտե՞ղ են լավ բան արել:  Դուք դավաճանել եք հեղափոխությանը, դուք սկսել եք լավ ապրել,  այդ օրվանից ամեն ինչ վարի է գնացել, կործանվել է: Մի հատ նայեք՝ Սուրեն պապիկյանին ինչ մեքենա է սպասարկում: Ինչքան փեսա, աներձագ, մորքուրի տղա կա, բոլորին մանդատ եք տվել, գործ եք տվել»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախկին ղեկավարության օրոք, ասենք, հինգ կայացած  համակարգ է եղել, որոնք այս իշխանությունները քանդեցին,  բայց հարյուր արատավոր բան է եղել, որոնք ոնց եղել է, մնում է: «Իշխանությունից նենց եք կառչած, որ զարմացած եմ, ապշած եմ, ես այլ կարծիքի եմ եղել, ցավ եմ ապրում, դրա համար ներողություն եմ խնդրում ժողովրդից, որ ձեր մասին մի քիչ այլ կարծիքի եմ եղել, ոնցոր իշխանության մանյակ լինեք, իշխանություն է էլի»,-ասաց նա և նշեց, որ այս իշխանությանը հեռու պետք է պահել ատամոկայանից, որ մի բան չխառնեն:

«Թույլ չենք տալու, որ որևէ ձևով ազգակործան այս պատուհաս վիճակը շարունակվի, մենք մեր անելիքը կանենք, և դուք այլևս իշխանությունը չեք պահպանելու»,-ասաց նա:

Աղբյուր` Tert.am