գլխավոր COVID-19 ՌԴ-ն Սլովակիային է վերադարձրել «Սպուտնիկ V»-ի 200 000 դեղաչափի գումարը

ՌԴ-ն Սլովակիային է վերադարձրել «Սպուտնիկ V»-ի 200 000 դեղաչափի գումարը

Սլովակիայում նոր թափով սկանդալ է հասունացել ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման շուրջ: Երկրի փոխվարչապետ Իգոր Մատովիչը նախօրեին ասել է, որ Ռուսաստանը վերադարձրել է արդեն հետ վերադարձված 200 հազար դեղաչափի գումարը, գրում է DW-ն:

Այսպիսով, Սլովակիայի նախորդ կառավարության և ՌԴ կառավարության միջև կնքված պատվաստանյութի երկու միլիոն դեղաչափի մատակարարման մասին համաձայնագիրը կարող է խզվել:

Մատովիչը կատարվածի համար մեղադրել է Սլովակիայի դեղամիջոցների վերահսկման պետական ինստիտուտին՝ ռուսական պատվաստանյութի վերաբերյալ վերջինիս քննադատական հայտարարությունների ֆոնին:

Ըստ առողջապահական մարմնի՝ Ռուսաստանը Սլովակիային վաճառել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը, որը տարբերվում է The Lancet գիտական ամսագրի հաստատված տարբերակից:

Մատովիչը «ապակողմնորոշիչ» է որակել այս հաղորդագրությունը և այն անվանել է ռուսական պատվաստանյութերի դեմ իրականացվող արշավի մի մաս:

Նշենք՝  Մատովիչը երկրի վարչապետի պաշտոնում հրաժարական էր տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութերի հետ կապված սկանդալի պատճառով: Երկրում կառավարական ճգնաժամը սկսվել էր այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարել էր ռուսական պատվաստանյութը գնելու մտադրության մասին, չնայած այն հանգամանքին, որ դեղի օգտագործմանը դրական եզրակացություն չեն տվել եվրոպական և տեղական կարգավորիչները:

Իր հերթին, Ռուսաստանը Սլովակիայից պահանջել էր վերադարձնել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաքված խմբաքանակը:

Հիշեցնենք՝ ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: