գլխավոր Միջազգային Հնդկաստանում անհանգստացած են Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերմամբ

Հնդկաստանում անհանգստացած են Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերմամբ

Հնդկաստանի բարձրագույն հրամանատարությունը մտահոգված է Աֆղանստանից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման մասին հայտարարությամբ, գրում է Reuters-ը:

Հնդկաստանի ռազմական ղեկավարությունը վախենում է «իշխանության վակուումից», որը կարող է ձևավորվել Աֆղանստանում՝ արևմտյան զորքերի հեռանալուց հետո:

Ինչպես անվտանգության հարցերին նվիրված համաժողովում ասել է հնդիկ գեներալ Բիպին Ռավատը, «ավերիչները» կարող են մուտք գործել ազատ տարածք, որը կստեղծվի Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման հետևանքով: Միևնույն ժամանակ, գեներալը հրաժարվել էր անուններ տալ, թե ովքեր կարող են որպես «ավերիչներ» հանդես գալ:

Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրերս հայտնել էր ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերելու որոշման մասին, քանի որ ցանկանում է վերջ դնել Աֆղանստանում ամերիկյան զորքերի 20 տարվա ներգրավվածությանը:

«Ես ԱՄՆ-ի չորրորդ նախագահն եմ, ում ղեկավարության օրոք ամերիկյան զորքերը գտնվում են Աֆղանստանում։ Երկու հանրապետականներ և երկու դեմոկրատներ։ Ես այս պատասխանատվությունը չեմ փոխանցի հինգերորդ նախագահին․․․ Ժամանակն է վերջ դնել Ամերիկայի ամենաերկարատև պատերազմին։ Ժամանակն է, որ ամերիկյան զորքերը տուն գան»,- ասել է Բայդենը։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) 10 հազար զինվորականներն Աֆղանստանից կվերադառնան մինչև սեպտեմբերի 11-ը, երբ ԱՄՆ-ում հիշատակեն Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման 20 տարին։

Նշենք՝ Աֆղանստանում գտնվող 2500 ամերիկացի զինվորականները, ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների 7000 զինվորականները, այդ թվում՝ 750-ը Մեծ Բրիտանիայից, աստիճանաբար Աֆղանստանից դուրս կգան մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում: Դուրսբերումը կընթանա դաշնակիցների և գործընկերների հետ լիարժեք համաձայնեցմամբ: