գլխավոր Իրադարձային Բայդենը հեռուստաուղերձում անդրադարձել է ՌԴ հետ հարաբերություններին ու պատժամիջոցներին

Բայդենը հեռուստաուղերձում անդրադարձել է ՌԴ հետ հարաբերություններին ու պատժամիջոցներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել հեռուստաուղերձով և հայտարարել, որ Ամերիկան պատասխանատվությամբ է մոտենում Ռուսաստանի հետ հարաբերություններին՝   նույնը ակնկալելով   նաև Ռուսաստանից։

«Մենք    մեծ պատասխանատվություն ենք կրում    աշխարհում կայունության պահպանման հարցում։ Նախագահ Պուտինն ու ես լուրջ պատասխանատվություն ենք կրում մեր հարաբերությունները կարգավորելու հարցում։ Ես այդ պատասխանատվությանը շատ լուրջ եմ վերաբերվում, վստահ եմ, որ նա նույնպես այդպես է վերաբերվում դրան»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օրերս կայացած իր զրույցն   անկեղծ էր, ինքը   հարգալից  է եղել և ազնիվ խոսակցություն է վարել,  որի ընթացքում անդրադարձել է նաև ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցին։  «Ես հասկացրի Պուտինին, որ մենք պատժամիջոցների հարցում կարող ենք ավելի հեռուն գնալ, բայց ես որոշել եմ այդպես չանել և գործել համամասնորեն։ ԱՄՆ մտադիր չէ  կոնֆլիկտի գնալ Ռուսաստանի հետ, մենք կայուն, կանխատեսելի հարաբերություններ ենք ակնկալում»,- ասել է Բայդենը՝ իր ելույթում։

«Եթե Ռուսաստանը շարունակի միջամտել մեր ժողովրդավարությանը, ես պատրաստ եմ պատասխանել ․․․ Բայց մեր մրցակցության երկար պատմության ընթացքում մեր երկրները գտել են միջոցներ՝ զսպելու լարվածությունը, որպեսզի այն դուրս չգա վերահսկողությունից։ Կան նաև ոլորտներ, որոնցում ԱՄՆ և ՌԴ կարող են միասին աշխատել»,- հավելել է նա։

ԱՄՆ նախագահը  նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում  ինքն անհանգստություն  է հայտնել Ուկրաինայի  սահմանի մոտ ռուսական ռազմուժի «ակտիվացման» կապակցությամբ։ Բայդենը  հայտարարել է, որ ԱՄՆ աջակցում է «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։

Ջո Բայդենն ընդգծել է նաև, որ չափազանց կարևորում է Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ շփումն ու համոզված է, որ դա կնպաստի ավելի արդյունավետ հարաբերություններ ստեղծելուն, այդ պատճառով էլ առաջարկել է Պուտինին՝ ամռանը հանդիպել Եվրոպայում, որպեսզի լուծեն իրենց երկրներին հուզող հարցերը։ Երկու երկրների նախագահների թիմերը, Բայդենի խոսքով, քննարկում են այդ հնարավորությունը։