գլխավոր Իրադարձային Պետք է զգուշավոր լինել համացանցից օգտվելիս. Թաթոյանն ընդունել է թիվ 42 դպրոցի...

Պետք է զգուշավոր լինել համացանցից օգտվելիս. Թաթոյանն ընդունել է թիվ 42 դպրոցի աշակերտներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Երևանի Տ. Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և այլն:

Առանձնակի ուշադրություն է դարձվել թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերին:

Աշակերտները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերն ուղղել Պաշտպանին: Նրանց հատկապես հետաքրքրել է համացանցում հնչող վիրավորանքների ծավալների ու աճի վտանգավոր միտումների թեման: Պաշտպանը նշել է, որ համացանցում տարածվող վիրավորանքները, հրապարակային խոսքով անհանդուրժողականության խորացումը ու լարվածության տարածումը խիստ դատապարտելի է և պետք է մշտապես առաջնորդվել մարդու իրավունքների բարձր արժեքներով:

Հանդիպման վերջում Արման Թաթոյանը հորդորել է երեխաներին լավ սովորել և խորհուրդներ է տվել համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ: