գլխավոր Իրադարձային Մարդու իրավունքների պաշտպանը լրագրող Անի Գևորգյանի ու իր երեխային սպառնալու կապակցությամբ գրություն...

Մարդու իրավունքների պաշտպանը լրագրող Անի Գևորգյանի ու իր երեխային սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի Ոստիկանություն

Լրագրող Անի Գևորգյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ սպառնալիքներ է ստացել և դիմելու է Ոստիկանություն։

Նա տեղեկացրել է, որ իրեն թիրախավորելով սոցիալական ցանցերի տարբեր էջերում տարածել են իր և իր մանկահասակ երեխայի լուսանկարը։ Բոլոր այդ հրապարակումների ներքո առկա են կամ դրանք ուղեկցվում են իրեն ուղղված, իր լրագրողական գործունեությանը վերաբերող վիրավորանքներով, արժանապատվությունը նվաստացնող լայն ծավալի խոսքով:

Հաշվի առնելով, որ դիմումն առնչվում է մասնագիտական օրինական գործունեության կապակցությամբ լրագրողին և լրագրողի երեխային սպառնալիքներ տալուն, այդ առումով թիրախավորելուն` Մարդու իրավունքների պաշտպանը գրություն կուղարկի Ոստիկանություն` ուշադրության ներքո պահելու համար գործի ընթացքը։

Սոցիալական ցանցերում երեխաների լուսանկար կամ տեսանյութ հրապարակելու հետ կապված` Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես հորդորել է ցուցաբերել առավելագույն զգուշություն. դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի կամ տեսանյութի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը:

Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից: Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել: