գլխավոր Պաշտոնական ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք` տեղում ծանոթանալու իրավիճակին ու խնդիրներին

ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք` տեղում ծանոթանալու իրավիճակին ու խնդիրներին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Ինչպես հայտնում են մարզպետարանից, Սյունիք նրա այցի ու մարզպետի հետ հանդիպման նպատակն է եղել տեղում ու փաստացի հասկանալ, թե պատերազմից հետո ինչ իրավիճակ է Սյունիքում և ինչպես են մարզային իշխանություններն ու բնակիչները գնահատում այն։

Հանդիպման ընթացքում Կլաարը մարզպետից հետաքրքրվել է, թե ինչպես է բնակչության ընդհանուր տրամադրությունը, սահմանների նոր տեղորոշումից հետո առաջացած խնդիրներով, որոնց բախվում են մարզի բնակիչները, գյուղատնտեսական աշխատանքներում ստեղծված խոչընդոտներով, անվտանգային հարցերով, մարզի տնտեսության վրա հնարավոր հետագա ազդեցություններով և այլն։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը հետաքրքրվել է նաև ճանապարհների հնարավոր ապաշրջափակման մասին տեղեկությունների հանդեպ մարզի բնակիչների վերաբերմունքով։

Մարզպետը նշել է, որ ներկայում մարզում առաջնայինը մարդկանց անվտանգության ապահովումն է ու կարևորել երկու կողմերի՝ մասնավորապես հակառակորդ կողմի զինվորների ու մեր խաղաղ բնակչության միջև չեզոք գոտու սահմանումը, որն այժմ չկա, որը դա լուրջ բարոյահոգեբանական ազդեցություն է ունենում քաղաքացիների վրա։

Մելիքսեթ Պողոսյանը նշել է, որ Սյունիքում միջազգային կառույցներից ակնկալում են հնարավորինս ակտիվ ու գործնական ջանքեր՝ առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, որպեսզի մարդիկ հանգիստ ապրեն ու աշխատեն իրենց հողում։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոստացել է ամեն ինչ անել կոնֆլիկտները կանխելու ու ստեղծված իրավիճակում ՀՀ-ին օգնելու համար։