գլխավոր Իրադարձային Շուշիի ազատագրման օպերացիայի մարտական հրամանը ես եմ գրել իմ ձեռքով. Սեյրան Օհանյանը՝...

Շուշիի ազատագրման օպերացիայի մարտական հրամանը ես եմ գրել իմ ձեռքով. Սեյրան Օհանյանը՝ Բաբայանի հայտարարության մասին

1992թ. Շուշիի ազատագրման օպերացիան ավելի քան հանրայնացված է, այն իրականացվել է գրեթե նույն ճշգրտությամբ, ինչպես գրված է եղել մարտական հրամանում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար,  Շուշիի ազատագրման ռազմական գործողության մասնակից, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ Շուշիի ազատագրման և հանձնման վերաբերյալ վերջին հայտարարությանը։

«Շուշիի ազատագրման օպերացիայի մարտական հրամանը ես եմ գրել իմ ձեռքով. այնպես, ինչպես գրված է, գրեթե նույն մանրուքներով էլ իրականացվել է Շուշիի ազատագրումը»,–հայտարարեց գեներալ–գնդապետը։ Օհանյանի կարծիքով՝ «Շուշիի հերոսներին դատում են, մարդիկ, որոնք կապ էլ չունեն Շուշիի հետ» ասելով Սամվել Բաբայանը դժվար թե նկատի ունենար իրեն կամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Սամվել Բաբայանը հավանաբար նկատի ունի, որ Շուշիի հերոսներին դատում են մարդիկ, որոնք կապ չունեն Շուշիի հետ։ Նա չի կարող նկատի ունենալ մեզ, որովհետև նույն Շուշիի ազատագրման օպերացիայի ժամանակ չորս ուղղություններից մեկի հրամանատարը Սամվել Բաբայանն է եղել և այդ ուղղությամբ որպես զինվոր Ռոբերտ Քոչարյանն էլ է մասնակցել, իսկ ուղղություններից մեկի ղեկավարը ես եմ եղել»,–ասաց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ իրականությանը համապատասխանում է Սամվել Բաբայանի այն պնդումը, թե Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Շուշին փրկելու իր նախաձեռնած օպերացիային որոշ զորամասեր հրաժարվել են մասնակցել։

«Կարծում եմ՝ Սամվել Բաբայանի ասածն իրականությանը համապատասխանում է։ Ես որքան գիտեմ, ինչ–որ զորք պետք է գար, որ խնդիր կատարեր։ Ասում էին, որ հեսա կգան, օպերացիան կանեն, այդ հույսը եղել է, բայց չի իրականացվել։ Այն, որ Շուշիի պաշտպանության հարցում ձախողումներ են եղել, դա իրականությանը համապատասխանում է»։

Հարցին, թե Շուշիի պաշտպանության  ձախողման հարցում արդյոք Սամվել Բաբայանն ունի մեղքի իր բաժինը, Սեյրան Օհանյանն արձագանքեց.

«Այդ ամենը հարցրեք պաշտպանության բանակի հրամանատարությանը, որոնք իրականացրել են պաշտպանության ողջ օպերացիան և դրա համատեքստում նաև Շուշիի օպերացիան»։

Պաշտպանության նախկին նախարարը նաև նշեց, որ պատերազմից հետո չի հանդիպել և չի զրուցել Սամվել Բաբայանի հետ։

«Առիթ չի եղել հանդիպելու»,–ասաց նա

Հիշեցնենք, որ այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե այդ ինչպես ստացվեց, որ Շուշին հանձնվեց, Սամվել Բաբայանն ասել էր. «Բոլորն այն հարցն են տալիս, թե Շուշին ո՞նց հանձնեցինք, ո՞նց ստացվեց, երբ դուք՝ բոլորդ անկեղծանաք ու խոստովանեք, թե 1992 թվականին Շուշին ոնց եք ազատագրել, հենց մի անգամ ճիշտը պատմեք, կիմանաք, որ նույն ձևով էլ հակառակորդը հետ է վերցրել։ Քանի որ դուք ճիշտը չեք ասում, ասում եք՝ Շուշիի հերոսներին դատում են, մարդիկ, որոնք կապ էլ չունեն Շուշիի հետ»։