գլխավոր Իրադարձային Որդու մասունքները հուղարկավորած ծնողները ապրիլին դիահերձարանում գտել են որդու դին ամբողջությամբ. արտաշիրիմում...

Որդու մասունքները հուղարկավորած ծնողները ապրիլին դիահերձարանում գտել են որդու դին ամբողջությամբ. արտաշիրիմում է արվել

ԴՆԹ-ով նույնականացված, ապա որդու մասունքները հուղարկավորած ծնողները Մեծամորի դիահերձարանում գտել են իրենց որդու ամբողջական մարմինը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Էջմիածնի N զորամասից մարտական գործողություններին մասնակցելու նպատակով Զանգելանում շրջափակման մեջ հայտնված զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը։

Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատները դեռ մարտին էին պարզել, որ Զանգելանից բերված մասունքներից մի քանի ոսկոր հանձնել էին այլ ծնողների, որոնց որդին զոհվել էր Շուշիում։ Հարազատները փետրվարին հուղարկավորել էին մասունքները։

Ադոյանը դեռևս մարտի 16-ին «Փաստինֆո»-ին ահազանգել էր, որ Շուշիում մարտական գործողություններին մասնակցած տղաներից մեկի ծնողներին տեղեկացրել էին, որ այդ մասունքներն իրենցը չեն կարող լինել, քանի որ նոյեմբերի 7-ին Շուշիում զոհվածի մարմինը չէր կարող հայտնվել Զանգելանում։ Այդուհանդերձ, ծնողները, հիմք ընդունելով ԴՆԹ պատասխանը, հողին էին հանձնել մասունքները։

«Երեք մասունք էին տվել։ Ընտանիքը զավակին փետրվարի 22-ին էր հուղարկավորել։ Մենք իրեն բացատրեցինք, որ եթե ձեր որդին Շուշիում է կռվել, ի՞նչ գործ ունի մասունքները Զանգելանում»,- ասաց Անահիտ Ադոյանը։

Այս ամսվա սկզբին որդուն հուղարկավորած ծնողները Մեծամորի դիահերձարանում գտել են իրենց որդու ամբողջական մարմինը։

«Իրենք փնտրտուքներից հետո՝ ապրիլի երկուսին-երեքին գտել են որդու մարմինը՝ Մեծամորի մորգից՝ ամբողջովին։ Միայն թևն էր վիրավոր և ծնոտն էր ջարդված»։

Ըստ Ադոյանի՝ զինծառայողի ընտանիքը արտաշիրիմում է արել ։

«Երեք մասունք սխալ էր հուղարկավորվել։ Եթե համընկնումը եղել էր Գասպարյան Տարիելինը, կարո՞ղ եք ինձ օգնել հասկանամ, թե դրանք ո՞ւմ մասունքներն էին։ Ասեմ ավելին՝ իրենք արտաշիրիմում են արել։ Ապրիլի 7-ին արտաշիրիմում է արվել՝ ժամը հինգին։ Առավոտյան 8.30 գնացել եմ գերեզմաններ ու տեսել թարմ լվացած։ Ո՞նց եղավ, այդ համընկնումը։ Ո՞ւմ երեխայի մասունքներն էին, որ տվեցին Տարիելին»։

Անահիտ Ադոյանը հիշեցրեց, որ պաշտոնական գերատեսչությունները վստահեցնում էին, որ պատասխանները 100 տոկոսանոց են լինելու, այնինչ այս դեպքը ապացուցեց, որ ծնողների կասկածները ճիշտ էին։ Նրանք ավելի վաղ էին հայտնել, որ չեն վստահում ԴՆԹ փորձաքննությունների պատասխաններին։

«Բիշարյան Մհերն ասել էր 100 տոկոսանոց անալիզներ են արվում, ապարատները դրսից են, քննչական վարչության պետը ևս հաստատել էր, որ ապարատները 100 տոկոսանոց ճիշտ են, բայց արդյունքում մենք համոզվեցինք, որ նույն մասունքը, որ տվել էին Տարիելին, դա իրենցը չէր»։

Օրեր առաջ էլ Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատները գնացել են Առողջապահության նախարարություն և հանդիպում պահանջել նախարարի հետ, սակայն նախարարն իրենց չի ընդունել։

Անահիտ Ադոյանը հիշեցրեց, որ իր որդուն փնտրելու համար կատարվել է ԴՆԹ փորձաքննություն, մեկ ոսկորի համընկնում է եղել, սակայն վստահեցնում է, որ ԴՆԹ փորձաքննությունները կեղծվում են։

«Մեր Հերացին էլ, քննչականն էլ, առողջապահության նախարարությունն էլ ծախված են, ու ոչ ոք ոչ մի բան չի անում»,- եզրափակեց Ադոյանը։