գլխավոր Միջազգային Դուգլաս ՄաքԳրեգոր. Բայդենի վարչակազմը պատրաստ է ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ,...

Դուգլաս ՄաքԳրեգոր. Բայդենի վարչակազմը պատրաստ է ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, որին մենք պատրաստ չենք

Ռուսաստանի հետ հակամարտությունը կարող է անխուսափելի լինել: Դա հնարավոր է դարձնում Կիեւի կտրուկ սպառնալիքները՝ զենքի ուժով լուծել Ուկրաինայի արեւելքում ճգնաժամը, զուգորդված Վաշինգտոնի կողմից այն փաստի մերժումով, որ Մոսկվան ազգային անվտանգության օրինական շահեր ունի Ուկրաինայի արեւելքում: Ոչ պակաս մտահոգիչ է եւ այն, որ նախագահը պատճառ չի տեսնում բացատրելու ամերիկացի ժողովրդին, թե ինչու Ռուսաստանի դեմ Կիեւի կողմից ուժի գործադրմանը Վաշինգտոնի աջակցությունը ռազմավարական իմաստ ունի Ամերիկայի համար: Այս մասին Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դուգլաս ՄաքԳրեգորը գրում է The American Conservative-ի համար իր հոդվածում:

«Ուկրաինայի արեւելքում մարտերը երկու կողմերից մեծ կորուստների կհանգեցնեն: Ռուս եւ ուկրաինացի զինվորները համարձակ են, խելացի եւ անողոք: Նրանք բոլորն առաջնորդվում են հայրենասիրությամբ, արմատացած կարգապահությամբ եւ ուժեղ մասնագիտական ռազմական ոգով:

Քանի որ ռուսական զինուժը թվաքանակով ավելի մեծ է եւ ավելի սպառազինված, ամենահավանական արդյունքը Ռուսաստանի հաղթանակն է: Այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, Մոսկվան իր ուժերը կուղղի Դնեպրից արեւելք Ուկրաինայի տարածքը գրավելուն, ինչը էապես կվատթարացնի Կիեւի դիրքերը: Ինչպես 2015-ին նշել էր Անգելա Մերկելը, Պուտինը վստահ է, որ ինքը միանշանակ կարող է հաղթել Ուկրաինայի արեւելքում ճակատամարտը:

Եթե ռուսական ռազմական հզորությունը գերակշռի, աջակցության մասին նախագահ Բայդենի խոստումը նշանակում է, որ ԱՄՆ օդային կամ ցամաքային ուժերը կամ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կարող են միջամտել ուկրաինացիներին պարտությունից փրկելու համար:

Եվրոպայում ԱՄՆ բանակի եւ ծովային հետեւակի ցամաքային ուժերը չափազանց թույլ են, նույնիսկ եթե դրանք ժամանակին ամրապնդվեն զրահատանկային բրիգադներով:

ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերից ոչ մեկը պատրաստ չէ դիմակայել ռուսական BM-30 ՍՄԵՐՉ հրթիռային ու հրետանային կազմավորմանը: Ընդամենը հինգ ռուսական BM-30 ՍՄԵՐՉ կայանքներից արձակված հրթիռները կարող են հաշված րոպեների ընթացքում ավերել Նյու Յորքի Կենտրոնական պարկի չափ տարածք:

Այսպիսով, եթե ԱՄՆ-ը եւ նրա դաշնակից ուժերը միջամտեն, նրանք, ամենայն հավանականությամբ, դա կանեն ինքնաթիռների օգնությամբ: Հայտնի չէ, թե որքանով են արդյունավետ ռուսական ինտեգրված հակաօդային պաշտպանության համակարգերը, բայց ճիշտ չի լինի թերագնահատել ռադարների վրա հիմնված ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի ազդեցությունը: ՀՕՊ-ի որոշ վերջին համակարգեր, ինչպիսին է ռուսական С-500-ը, այնքան հզոր են, որ ԱՄՆ ՊՆ պաշտոնյաներից շատերը վախենում են, որ նույնիսկ մարտական ինքնաթիռները, ինչպիսիք են F-22-ը, F-35-ը եւ B-2-ը, վտանգված են ոչնչացման:

Քանի որ Արեւելյան Եվրոպայում քամին միջուկային ազդեցություն կբերի Ռուսաստանում եւ Կենտրոնական Ասիայում մինչեւ Կորեա, Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը շատ քիչ հավանական է, եթե, իհարկե, ԱՄՆ զինված ուժերը չօգտագործեն, այսպես կոչված, «մարտավարական միջուկային զենք»:

Ռուսաստանի՝ դեպի ռազմավարական միջուկային մակարդակ բարձրանալը սարսափելի հետեւանքներ կունենա Երկիր մոլորակի համար: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների գրեթե բոլոր ռազմական կայանները՝ Էստոնիայից մինչ Իսպանիա, կլինեն ռուսական «Կալիբր» թեւավոր հրթիռների հասանելիության տակ, որոնք կրում են պայմանական բարձր պայթուցիկ մարտագլխիկներ:

Նախագահ Բայդենի կողմից Ուկրաինայի նախագահին ԱՄՆ-ի օժանդակության մասին հավաստիացումը հուշում է, որ նա մեծ ումպ է արել ԱՄՆ ձախողված պետական քաղաքականության եւ ռազմական առաջնորդների թունավոր աղբյուրից, ովքեր չեն գնահատում իրական պատերազմը:

Քսան տարվա պատահական մարտերը թույլ հակառակորդների (ապստամբներ՝ առանց բանակի, ավիացիայի եւ հակաօդային պաշտպանության) հետ թույլ չեն տվել բարելավել մարտական հմտությունները զինված ուժերի վերին շարքերում՝ արմատապես փոխված մարտական իրավիճակին դիմակայելու համար:

Հավասարապես լուրջ է Ամերիկայում սոցիալական համախմբվածության վիճակի վատթարացումը, որն ամբողջությամբ դրսեւորվեց 2020-ի ամռանը: Եթե դրան գումարենք անօրինական միգրանտների եւ թմրանյութերի կտրուկ ալիքը հարավային սահմանով, ապա ակնհայտ է, որ Արեւելյան Եվրոպայում տեղի ունեցող խոշոր պատերազմը ոչ միայն կբացահայտի ԱՄՆ ռազմական լուրջ խոցելի կողմերը, այլեւ ամերիկյան հասարակության փխրունությունը:

Հարկ է հիշել, որ երբ Թրամփի վարչակազմի խորհրդականները, պետքարտուղարը եւ պաշտպանության նախարարը կոչ էին անում ռազմական գործողություններ իրականացնել, որոնք սպառնում էին 2019 թվականին Իրանի հետ հակամարտությանը, նախագահ Թրամփը պարզապես ասել էր. «Ո՛չ»: Այսօր թվում է, որ Սպիտակ տանն անցկացվող ռազմավարական հանդիպումները ոչ այլ ինչ են, քան շղարշ, որի հետեւում գերակշռում է ցանկությունների վրա հիմնված «զարթոնքի» գաղափարախոսությունը: Թվում է, թե այսօր օվալաձեւ սենյակում չկա մեծահասակ, որը կարող է պարզապես «Ո՛չ» ասել»: