գլխավոր COVID-19 ԱՀԿ. Կորոնավիրուսի համավարակը դեռևս հեռու է ավարտից

ԱՀԿ. Կորոնավիրուսի համավարակը դեռևս հեռու է ավարտից

Կորոնավիրուսի համավարակը դեռեւս հեռու է ավարտից, բայց այն կարելի է մի քանի ամսում վերահսկողության տակ առնել՝ հանրային առողջապահության ստուգված միջոցներով: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեեսուսը, հայտնում է Reuters-ը:

«Մենք նույնպես ցանկանում ենք, որ հասարակությունները եւ տնտեսությունները վերաբացվեն, իսկ ճանապարհորդություններն ու առեւտուրը վերականգնվեն»,- ասել է Թեդրոսը ճեպազրույցում: «Բայց հենց հիմա շատ երկրներում վերակենդանացման բաժանմունքները գերծանրաբեռնված են, եւ մարդիկ մահանում են, եւ դրանից հնարավոր է խուսափել»: «COVID19-ի համավարակը դեռեւս հեռու է ավարտից: Բայց լավատեսության շատ պատճառներ ունենք: Տարվա առաջին երկու ամիսների ընթացքում դեպքերի եւ մահերի թվի նվազումը ցույց է տալիս, որ այս վիրուսին եւ նրա տարբերակներին կարելի է դադարեցնել»,- հավելել է նա:

COVID-19-ի հարցով ԱՀԿ թիմի ղեկավար Մարիա վան Քերկովը նշել է, որ համավարակն աճում է երկրաչափական մակարդակով՝ անցյալ շաբաթ հիվանդացությունն աճել է 9%-ով, դեպքերի աճը դիտարկվում է յոթերորդ շաբաթն անընդմեջ, իսկ մահվան դեպքերի թիվը աճել է 5%-ով: