գլխավոր Քաղաքականություն Ընդդիմության աշխատանքում էֆեկտիվություն չկար, չկարողացավ հասնել ամենակարևոր նպատակին՝ իշխանության հեռացմանը․ Սուրեն Սարգսյանը՝...

Ընդդիմության աշխատանքում էֆեկտիվություն չկար, չկարողացավ հասնել ամենակարևոր նպատակին՝ իշխանության հեռացմանը․ Սուրեն Սարգսյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարության մասին

Ընդդիմության աշխատանքում, այո, էֆեկտիվություն չկար։ Բոլորս տեսանք, որ այն հանրահավաքները, որ տեղի էին ունենում, չբերեցին ցանկալի արդյունքի, թեև տեղի էին ունենում տևական ժամանակ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցում հնչած այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանն «Ընտրություն» օպերացիայով հետ բերեց բանակը, ընտրության կազմակերպման մեջ իրենց շահերին ունեին թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, քանի որ վերջինս զրկվել էր իմաստից, և որ ընտրություններին հասնելն ընդդիմության սխալների հետևանքն է։

«Ընդդիմությունը, ըստ էության, չկարողացավ հասնել ամենակարևոր նպատակին՝ իշխանության հեռացմանը։ Այդ առումով, բնականաբար, կարելի է ասել, որ ընդդիմության մոտ չստացվեց տոնել հաղթանակ»,-նշեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ ընդդիմադիր ուժերից որոշները, որոնք պնդում էին, թե որևէ դեպքում չեն մասնակցի Փաշինյանի կազմակերպած ընտրություններին, այժմ հայտարարում են հակառակի մասին, Սարգսյանն արձագանքեց․

«Կարծում եմ՝ դա պայմանավորված է տարբեր քաղաքական ուժերի հայացքներով՝ դեպի մեր պետության ապագան։ Ես որևէ կասկած չունեմ, որ ընդդիմության գերնպատակը մեկն է՝ հեռացնել ներկա իշխանություններին և փորձել այս ծանր իրավիճակում կորցրածի գոնե մի մասը վերադարձնել։ Սա գերնպատակ է, բայց, բնականաբար, մեթոդները տարբեր են։ Պետք է հեռացնել գործող իշխանություններին, որի արդյունքում էլ փորձել բոլոր հնարավորությունները, կարողությունները՝ պետության ապագան կերտելու համար, որովհետև այն ճանապարհով, որով մենք ենք գնում, մեզ տանում է դեպի կործանում։ Մենք մեր ունեցածի մի մասն արդեն կորցրել ենք, և մի փոքր հատվածն է մնացել, որը պետք է միասնական ջանքերով կարողանանք պահել։ Ամենակարևորը՝ գործող իշխանության հեռացումից հետո, որովհետև վերջինս չի կարող ապահովել մեր երկրի ապագան»,-նշեց նա։

Ըստ Սարգսյանի՝ պետք է հաշվի առնել մեկ կարևոր հանգամանք՝ դեռևս փաստ չէ, որ ԱԺ արտահերթ ընտրություններ են կայանալու։

«Մենք դեռ չգիտենք՝ ընտրություններ տեղի կունենա՞ն, թե ոչ, որովհետև, կարծես թե, ընտրությունների վերաբերյալ ընդամենը 1-2 հայտարարություն է եղել իշխանական ճամբարից, Նիկոլ Փաշինյանն էլ ընդամենը մեկ ֆեյսբուքյան գրառում է արել դրա վերաբերյալ, այնպես որ, ես դեռ վստահ էլ չեմ, որ ընտրությունները կկայանան։ Մինչև փաստ չլինի, որ ընտրությունները կայանալու են, չենք կարող խոսել ընդդիմության անելիքների, կոնսոլիդացիայի կամ տապալումների մասին»,-ասաց նա։

Անդրադառնալով Մինասյանի այն հայտարարությանը, թե ՀՀ ու ՌԴ շահերը համընկնում են 90 տոկոսով, և հարցին՝ արդյո՞ք աշխարհաքաղաքական կենտրոններից ՀՀ-ն պետք է ընտրի ՌԴ-ին, Սարգսյանն ասաց․

«Ես կարծում եմ, որ ՀՀ-ն արդեն ընտրել է ՌԴ-ին, ՀՀ նախկին երեք նախագահների օրոք էլ ՌԴ-ի հետ ՀՀ հարաբերությունները եղել են բացառիկ, ամենաբարձր մակարդակի վրա, և իրոք կարող ենք ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները եղել են ռազմավարական նշանակության՝ բոլոր ուղղություններով, և ՌԴ-ի հետ մեր ինտեգրացիան ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ուղղությամբ է եղել, մենք հազարավոր թելերով կապված ենք ՌԴ-ի հետ, և իմ համոզմունքն է, որ մենք կատարել ենք ճիշտ ընտրություն՝ մեր ռազմավարական գործընկերոջ ընտրության հարցում, և մենք նույնպես մեր կողմից պետք է ապացուցենք, որ ռազմավարական գործընկեր ենք։ Դրա մասին խոսում են նաև ռուսները՝ ասելով, որ մենք մեզ չենք պահել ռազմավարական դաշնակցի նման, մինչդեռ մեզնից ակնկալում են ռազմավարական գործընկերոջը բնորոշ մոտեցում այս կամ այն հարցի վերաբերյալ»,-ասաց նա, ապա հավելեց, թե ՀՀ-ն պետք է իր արտաքին քաղաքականությունն այդ թեզի վրա կառուցի և խորացնի հարաբերություններն այլ բարեկամ երկրների հետ։

«Իշխանությունները պարզապես ունակ չեն արտաքին քաղաքականության մեջ լուրջ ձեռքբերումներ ունենալ, որովհետև չունեն կարողություն, հնարավորություն, փորձ և գիտելիք»,-ասաց նա։