գլխավոր Գլխավոր Երևանը տեղյա՞կ է Արցախ-Ադրբեջան կոնտակտներից․ ի՞նչ հարցեր են քննարկվում

Երևանը տեղյա՞կ է Արցախ-Ադրբեջան կոնտակտներից․ ի՞նչ հարցեր են քննարկվում

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Արցախ-Ադրբեջան շփումներ են տեղի ունենում։ Օրերս «Հետպատերազմյան բանակցություններ. Ինչ են քննարկում և ինչի են ձգտում հասնել Երևանն ու Բաքուն» խորագրով քննարկման ընթացքում  ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովն ուշագրավ տեղեկություն դրեց շրջանառության մեջ։ Նա տեղեկացրեց՝ իրականում ներկայումս ընթանում են կոնֆիդենցիալ կոնտակտներ ադրբեջանական և արցախյան կողմերի միջև:

Նրա փոխանցմամբ՝ արդեն եղել է 2 հանդիպում, ոչ ոք չի բարձրաձայնում այդ մասին, սակայն հանդիպումներ եղել են Ղարաբաղի տարածքում՝ ոչ Ստեփանակերտում, Հյուսիսում և Հարավում երկու հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի պատասխանատու դեմքերի մասնակցությամբ՝ նախագահական աշխատակազմից և Ազգային անվտանգության ծառայությունից:

168am-ի հետ զրույցում ավելի վաղ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հաստատել էր շփումների առկայությունը` դրանք համարելով անխուսափելի։

Նա պարզաբանել էր, որ այդ շփումները կրում են բացառապես տեխնիկական բնույթ։

«Այդ կապերն ու հարաբերությունները կրում են տեխնիկական բնույթ: Օրինակ՝ մենք պետք է, չէ՞, համատեղ որոնենք զոհվածների հնարավոր վայրերը, և այլն, այդ բոլոր գործողություններն իրականացնենք ԿԽՄԿ-ի հետ մեկտեղ, և այլն: Այստեղ բնական է, որ համապատասխան հանդիպումներ, համատեղ շփումները տեղի են ունենում, որովհետև այլ տարբերակ չկա պարզապես: Այդքան բան, որևէ այլ տեղեկություն պարզապես չկա, որպեսզի մեկնաբանեմ»,- ասել էր Բաբայանը մեզ հետ զրույցում։

168am-ի հարցին՝ Երևանը տեղյա՞կ է, թե ինչ հանդիպումներ են տեղի ունեցել, ինչ մակարդակով և ի՞նչ հարցեր են քննարկվում, այլ հանդիպումներ նախատեսվո՞ւմ են և ի՞նչ հարցերի շուրջ, ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը արձագանքեց՝ ակնարկելով, որ Երևանը տեղյակ է նման ձևաչափով շփումներից։

Նաղդալյանը մասնավորապես ասաց, որ իրենք մշտական կապի մեջ են Արցախի իշխանությունների հետ։

«Արցախի իշխանությունները հստակորեն նշել են, որ քննարկված հարցերը կրել են բացառապես տեխնիկական բնույթ: Ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներն իրականացվում են միայն հանձնաժողովի շրջանակներում»,- ասաց Աննա Նաղդալյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։