գլխավոր Գլխավոր Covid-19–ին դեմ հանդիման. ՀՀ–ում համավարակի պատճառով ինքնասպանությունների թիվն աճե՞լ է

Covid-19–ին դեմ հանդիման. ՀՀ–ում համավարակի պատճառով ինքնասպանությունների թիվն աճե՞լ է

Երևանի հիվանդանոցներից մեկում բուժվող 72–ամյա տղամարդը նախ հրաժարվել է բուժօգնությունից, հետո նետվել է պատուհանից։

«Նա հրաժարվում էր ցանկացած բուժումից, նույնիսկ թույլ չէր տալիս սատուրացիան չափել։ Հոգեբաններն ամեն օր աշխատում էին նրա հետ», – Sputnik Արմենիային հայտնեցին առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Քանի որ ոստիկանությունն այժմ հետաքննում է գործը, մեզ չհաջողվեց մահացածի մասին մանրամասներ պարզել։ Բայց մի բան ակնհայտ է՝ հոգեբանի հետ զրույցները նրան չեն օգնել։

Սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ գործի մանրամասներին ծանոթ չէ, բայց խնդիրը մարդու հանդեպ մոտեցումն է եղել։

«Մասնագետները պետք է դեղորայք նշանակեին, այստեղ ակնհայտորեն բժիշկների խնդիր կա», – ասաց նա:

Վարդանյանի խոսքով` ի տարբերություն աշխարհի շատ երկրների` Հայաստանում համավարակի շրջանում ինքնասպանության դեպքերի կտրուկ աճ չի գրանցվել:

«Մեզ մոտ կորոնավիրուսի պատճառով ինքնասպանության փորձեր եղել են. մեկը` Աշտարակում, մյուսը՝ Երևանում։ Ընդհանուր առմամբ ինքնասպանության փորձերը տարեցտարի ավելանում են ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհում, բայց դա կապված է բնակչության աճի հետ», – ասաց նա։

Խնդրի ծավալը պարզելու համար մասնագետներն այժմ հավաքում են համավարակի շրջանում ինքնասպանության փորձերի ամբողջ վիճակագրությունը։

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական վիճակագրության՝ ինքնասպանության փորձերը հաճախակի են դարձել 2020 թվականի ապրիլին և մայիսին՝ այն օրերին, երբ երկրում կարանտինային խիստ ռեժիմ էր սահմանվել։ Միջինը մեկ շաբաթվա ընթացքում 10-15 մարդ է ինքնասպանության փորձ արել։ Միայն մայիսի 18-ին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է ինքնասպանության 17 փորձ։ Հետո, երբ մարդիկ սկսեցին փողոց դուրս գալ, հասարակական տրանսպորտն աշխատեց, բացվեցին գրասենյակներն ու խանութները, սուիցիդալ տրամադրությունները մարեցին. շաբաթական միջինը 5-7 փորձ է գրանցվել։

Մասնագետները պնդում են՝ համավարակը կանցնի, բայց ինքնասպանությունները կմնան։

«Մեզ մոտ ինքնասպանությունները եղել են ու կան։ Կյանքի խելագար տեմպ, պատերազմ, սոցիալական, տնտեսական, քաղաքական խնդիրներ… Այս ամենը չի կարող չանդրադառնալ հասարակության վրա», – ասաց փորձագետը։

Հաճախ մարդիկ, որոնք որոշում են ինքնասպանություն գործել, խոսելու հնարավորություն են փնտրում և ուզում են, որ իրենց լսեն: «911» փրկարար ծառայությունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով։ Այնտեղ պրոֆեսիոնալ հոգեբաններ են աշխատում: Բացի այդ, կարող եք անմիջապես ԱԻՆ հոգեբանական բաժին զանգել (+374 60) 44-02-75 հեռախոսահամարով: Խոսելու, հոգեբանական լարվածությունը թեթևացնելու հնարավորություն կընձեռեն փորձառու խորհրդատուները։