գլխավոր Աշխարհ Մեծ Բրիտանիայում թնդանոթային համազարկերով հարգել են արքայազն Ֆիլիպի հիշատակը (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում թնդանոթային համազարկերով հարգել են արքայազն Ֆիլիպի հիշատակը (տեսանյութ)

Լոնդոնում այսօր 41 թնդանոթային համազարակով հարգել են Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հիշատակը: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ ներկայացնելով համապատասխան տեսանյութը:

Թնդանոթային համազարկ է տրվել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ թագավորության այլ քաղաքներում, ռազմաբազաներում և բրիտանական ռազմածովային ուժերի նավերում:

Արքայազն Ֆիլիպը Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է բրիտանական ռազմածովային ուժերում, նրա ոգեկոչման արարողությունների ժամանակ համազարկ է տրվել նաև Դևոնպորտի և Պորտսմութի ռազմածովային բազաներում, Ջիբրալթարի թագավորական գնդում, ինչպես նաև բաց ծովում գտնվող Diamond ականակիր նավում և Montrose ռազմանավում:

Թաուերի կամրջի վրա հարյուրավոր բրիտանացիներ էին հավաքվել՝ դիտելոի Թեմզայի ափին տեղի ունեցող հանդիսավոր զինվորական արարողությունը:

Թնդանոթային համազարկ Մեծ Բրիտանիայում տրվում է մի շարք նշանակալի միջոցառումների ժամանակ, որոնք առնչվում են միապետական ընտանիքի հետ: Այսպես, Առաջին աշխարհամարտի տարիների թնդանոթներից համազարկ արձակելով նշվում է Էլիզաբեթ Երկրորդի կողմից գահի ժառանգելու օրը (փետրվարի 6), թագադրման օրը (հունիսի 2), գահաժառանգ արքայազն Չարլզի ծննդյան օրը (նոյեմբերի 14), ինչպես նաև խորհրդարանի նստաշրջանների բացումը: Հունիսի 10-ին, ավանդույթի համաձայն, այդպես նշվում էր նաև արքայազն Ֆիլիպի ծննդյան օրը:

Արքայազն Ֆիլիպը մահացել է նոյեմբերի 9-ին՝ իր 100-ամյակից 2 ամիս, մեկ օր առաջ: Մեծ Բրիտանիայում սուգ է հայտարարվել, իջեցվել են պետական դրոշները: Բուքինգհեմյան պալատն ավելի ուշ կտեղեկացնի հուղարկավորության անցկացման մանրամասները: