գլխավոր Աշխարհ Մյանմարի ռազմական տրիբունալը մահապատժի է դատապարտել 19 մարդու

Մյանմարի ռազմական տրիբունալը մահապատժի է դատապարտել 19 մարդու

Մյանմարի Յանգոն բնակավայրի ռազմական տրիբունալը 19 մարդու դատապարտել է մահվան քաղաքացիական անձի սպանության և բանակի սպայի նկատմամբ մահափորձի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Մյավադի» տեղեկատվական պորտալին:

«Բոլոր 19 անձինք դատապարտվել են մահվան ցամաքային զորքերի կապիտան Թխետ Աունգ Չժոյի և նրա ընկեր Մաունգ Թխան Զին Թխվեի վրա հարձակման համար, որի հետևանքով սպանվել է Մաունգ Թխան Զին Թխվեն, իսկ կապիտան Թխետ Աունգ Չժոն ծանր վիրավորվել է: Դատապարտյալները սպանության վայրից գողացել են կապիտան Թխետ Աունգ Չժոյի մոտոցիկլետը և անձնական զենքը», – ասվում է հաղորդագրության մեջ:

19 դատապարտյալներից 17-ը հեռակա են դատապարտվել, քանի որ ներկայումս նրանք թաքնվում են արդարադատությունից, ասվում է զեկույցում:

Հիշեցնենք, որ Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և բարձրաստիճան այլ պաշտոնյաների:

Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն: