գլխավոր Քաղաքականություն Արա Զոհրաբյանն էլ կմասնակցի ընտրություններին. ո՞ւմ հետ կհամագործակցի նա

Արա Զոհրաբյանն էլ կմասնակցի ընտրություններին. ո՞ւմ հետ կհամագործակցի նա

Նորաստեղծ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնության հեղինակ, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր հրավիրած ասուլիս-քննարկման ժամանակ հայտարարեց, որ հնարավորության դեպքում մասնակցելու է առաջիկա արտահերթ ընտրություններին։

«Եթե այդպիսի ընտրություններ հայտարարվեն, մենք ընտրություններին մասնակցելը համարում ենք միջոց, և, այո՛, եթե կարողանանք համախմբում իրականացնել, ապա հնարավոր է, որ մասնակցենք»,– ասաց Զոհրաբյանը։

Նա նաև նշել է, որ պատրաստ են համագործակցել իրենց արժեքները կրող քաղաքական այլ ուժերի հետ։ Իսկ ներկա իշխանության ու նաև նրանց հետ, ովքեր որոշիչ դեր են ունեցել ներկա իշխանության կայացրած որոշումներում, Զոհրաբյանը համագործակցության հնարավորություն չի տեսնում։

«Հնարավոր չէ, որ համագործակցենք այն սուբյեկտների հետ, որոնք մասնակցություն են ունեցել ներկա իշխանության ձևավորման հարցում»,– ասաց նա։

Խոսելով սպասվող արտահերթ ընտրությունների մասին` Զոհրաբյանը նշեց նաև, որ գործող վարչապետն իրավունք չունի ընտրությունների օրը որոշելու։ Ըստ նրա` Փաշինյանը կարող է որոշել միայն իր հրաժարականի հարցը, որից հետո արդեն իրավական մնացած գործընթացները նրա իրավասություններից դուրս են։

Ի դեպ, նշենք, որ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնությունն առաջիկայում վերածվելու է կուսակցության։ Քաղաքական նոր ուժի հիմնադիր համագումարը նախանշված է 2021թ. –ի ապրիլի 29-ին։