գլխավոր Հասարակություն Ռուսաստանի դեսպանն այցելել է Բյուրականի աստղադիտարան

Ռուսաստանի դեսպանն այցելել է Բյուրականի աստղադիտարան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Տիեզերագնացության օրվան ընդառաջ այցելել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան։ Տեղեկությունը հայտնում է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը:

Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը դեսպանին ներկայացրել է աստղադիտարանի գործունեությունը, Ռոսկոսմոսի և Ռուսաստանի այլ կառույցների հետ համատեղ իրականացվող նախագծերը: Միքայելյանը ռուսաստանցի դիվանագետին ներկայացրել է նաև Հայաստանի ամենամեծ` 2,6 մետրանոց աստղադիտակի աշխատանքի մեխանիզմը։

Նշենք, որ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրել է 1946 թվականին: Աստղադիտարանում տեղադրված է 5 դիտողական գործիք, որոնցից ամենամեծը 2,6մ հայելու տրամագծով Կասեգրեն համակարգի աստղադիտակն է, իսկ մյուսը` 1մ հայելու տրամագծով Շմիդտի համակարգի աստղադիտակը։

2015թ-ին Միջազգային աստղագիտական միությունը Բյուրականի աստղադիտարանին շնորհել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակ: 2018-ի դեկտեմբերին Բյուրականի աստղադիտարանի տարածքում բացվել է Ռուսաստանի գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի (GLONASS) կայանը:

2016-ի ապրիլին Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել տիեզերական հետազոտությունների ոլորտում համագործակցելու մասին: Համաձայնագրով նախատեսված համագործակցության հիմնական ոլորտներն են Երկրի հեռավար զոնդավորումը, տիեզերական տեխնոլոգիաների մշակումն ու ներդրումը, այդ թվում`համակարգերի կիրառմամբ, ինչպես նաև հեռավոր տիեզերքի ու մերձերկրային տարածության հիմնարար և կիրառական տիեզերական գիտական հետազոտությունները։