գլխավոր COVID-19 Թաիլանդում տասնյակ նախարարներ եւ խորհրդարանականներ ինքնամեկուսացվել են կորոնավիրուսով հիվանդների հետ շփումից հետո

Թաիլանդում տասնյակ նախարարներ եւ խորհրդարանականներ ինքնամեկուսացվել են կորոնավիրուսով հիվանդների հետ շփումից հետո

Առնվազն 10 թաիլանդցի նախարար եւ տասնյակ օրենսդիրներ ինքնամեկուսացվել են չորեքշաբթի մայրաքաղաք Բանգկոկում վարակակիրների հետ շփումից հետո՝ վարակման դեպքերի կտրուկ աճի ֆոնին, հաղորդում է Reuters-ը:

Թաիլանդի տրանսպորտի նախարար Սաքսիամ Չիդչոբը չորեքշաբթի տեղական հեռուստատեսությանը հայտնել է, որ վարակվել է COVID-19-ով: Ընդ որում, նրա «Բհումջաիթհայ» ​​կուսակցությունը հայտարարել էր, որ այլ նախարարներ, օրենսդիրներ եւ կոալիցիոն քաղաքական գործիչներ շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ:

Անցյալ շաբաթ Թաիլանդում վարակման դեպքերի թռիչք էր նկատվել՝ չնայած երկրի որոշ հարեւանների համեմատ թվերը դեռ ցածր են՝ շնորհիվ ավելի քան մեկ տարի սահմանների խիստ վերահսկողության, կարանտինի, թեստավորումների:

Իշխանությունները չորեքշաբթի հաղորդել են կորոնավիրուսով վարակման 334 նոր դեպքի մասին, ընդ որում, մահվան նոր դեպքեր չեն եղել, ինչի արդունքում Թաիլանդում դեպքերի ընդհանուր թիվը 29 905 է կազմել, իսկ զոհերի թիվը՝ 95:

Վարչապետ Պրայութ Չան-օչան չորեքշաբթի իր կաբինետի շաբաթական վիրտուալ ժողովն է անցկացրել եւ նախարարներին կոչ է արել խուսափել կորոնավիրուսով վարակվածների հետ շփումից:

Բանգկոկի իշխանություններն այս շաբաթվա սկզբին քաղաքի երեք թաղամասերում 196 ժամանցի վայր էին փակել երկու շաբաթվա ընթացքում՝ կլաստերների առաջացումից հետո, որտեղ ավելի քան 250 մարդ էր վարակվել կորոնավիրուսով:

Հունիսին Թաիլանդը մտադիր է զանգվածային պատվաստման արշավ սկսել եւ պատվաստում է բուժաշխատողներին կամ առավել խոցելի համարվող մարդկանց: