գլխավոր Պաշտոնական Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից․ ՄԻՊ

Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից․ ՄԻՊ

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտից բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Facebook–ի էջում հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով պաշտպանի արագ արձագանքման այցի արդյունքները։

Նշվում է, որ ՄԻՊ գրասենյակը մի շարք ահազանգեր է ստացվել բերման ենթարկված բողոքի ակցիայի մասնակիցների վերաբերյալ։ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցել են ստիկանության բաժիններ, առանձնազրույցներ ունեցել բերման ենթարկվածների և նրանցից մի քանիսի փաստաբանների հետ:

«Վարչական ձերբակալման ենթարկված բոլոր կանայք առանձնազրույցների ընթացքում նշել են, որ բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողներն իրենց որևէ պահանջ չեն ներկայացրել, չեն հայտնել բերման ենթարկելու հիմքերն ու պատճառները: Հիմքերն ու պատճառները չեն ներկայացվել նաև ոստիկանության բաժիններում: Գրեթե բոլորը նշել են, որ ոստիկանության բաժիններում չեն ներկայացվել իրենց նվազագույն իրավունքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Առանձնազրույցի ընթացքում քաղաքացիները տաև տեղեկացրել են, որ հավաքի ընթացքում ոստիկանների արձագանքն իրենց գործողություններին եղել է անհամաչափ:

Օրինակ` բերման ենթարկված կանանցից մեկի խոսքով՝ իրեն բերման է ենթարկել ոստիկանության 4, իսկ մյուսի խոսքով` 3 ծառայող` գործադրելով անհափաչափ ուժ: Նմանատիպ խնդրի մասին բարձրաձայնել են նաև այլ բերման ենթարկվածներ:

Ազատությունից զրկված անձանց համար ՄԻՊ ներկայացուցիչները պարզաբանել են նրանց նվազագույն իրավունքները:

«Այսօրվա այցերի ընթացքում արձանագրվածը վկայում է վարչական ձերբակալման շրջանակում մարդուն բերման ենթարկելու համակարգային խնդիրների մասին` կապված ազատությունից զրկելիս հիմքերն ու պատճառները ձերբակալվողներին տեղում չներկայացնելու, իրավունքները չպարզաբանելու, բերման ենթարկելիս ուժի գործադրման հետ: Անհրաժեշտ է հնարավորինս անհատական մոտեցում` բերման ենթարկելը դիտելով վերջին միջոց և հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի առանձնահատկությունները, ձերբակալվողի սեռը և այլ հանգամանքներ»,- ընդգծված է հաղորդագրության մեջ։

Պաշտպանի ներկայացուցիչները ոստիկանության բաժիններում ծանոթացել են վարչական վարույթի նյութերին, անհրաժեշտ պարզաբանումներ ստացել բաժինների ղեկավար կազմից:

Նշվում է, որ ոստիկանության ծառայողները պատշաճ համագործակցել են պաշտպանի աշխատակազմի հետ, տրամադրել անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

Այցի արդյունքներն ամփոփվում են, դրանց արդյունքներով պայմանավորված պարզաբանումներ կպահանջվեն ոստիկանությունից: