գլխավոր Հասարակություն Թուրքիայի հետ բարեկամություն անելն ավելի դժվար է, քան թշնամություն անելը. Հրանտ Բագրատյանը՝...

Թուրքիայի հետ բարեկամություն անելն ավելի դժվար է, քան թշնամություն անելը. Հրանտ Բագրատյանը՝ սահմանները բացելու մասին

Երբ խոսում են Թուրքիայի հետ սահմանները բացելու մասին, ապա իմ խոսքը սա է՝ կտեսնեք, որ Թուրքիայի հետ բարեկամություն անելն ավելի դժվար է, քան թշնամություն անելը: Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ խոսելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման և տնտեսական փոփոխությունների մասին:

«Որևէ գաղտնիք չկա, որ վերջին երկու տասնամյակներին Հայաստանն ուզել է, որ այդ ճանապարհը բացվի, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների վրա լավ տաքանում է Վրաստանը: Մեր առևտրական շրջանառությունը Թուրքիայի հետ ուղղակիորեն կազմում է 300 մլն դոլար»,-ասաց նաև և հավելեց, որ բոլոր դեպքերում քայլերը պետք է լինեն կազմակերպված և մտածված:

«Բայց առաջին հերթին, դեռ ծովը չհասած, եկեք չբոբիկանանք, որովհետև Թուրքիան ոչինչ չի ասել սահմանները բացելու մասին: Այս թեմայի մասին քննարկումն իշխանության կողմից է եկել, այդ մասին խոսում է ԱԺ փոխխոսնակը, իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին կասեի, որ ավելի զգույշ արտահայտվի»,-շեշտեց տնտեսագետը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգի մասին՝ Բագրատյանը նշեց, որ հարցը շարունակում է մնալ հույժ կարևոր, քանի որ պատերազմը ձախողած անձը չի կարող երկիրը ղեկավարել: