գլխավոր Իրադարձային Որևէ գործողություն, որն օրենքով սահմանված չէ, իշխանական մարմինը չի կարող ասել՝ իրավունքի...

Որևէ գործողություն, որն օրենքով սահմանված չէ, իշխանական մարմինը չի կարող ասել՝ իրավունքի ուժով ես այդպես եմ անում, իրավունքի ուժը, սովորաբար, վերաբերվում է քաղաքացուն. Ալվինա Գյուլումյան․Tert.am

Եթե այս իշխանությունը չվերընտրվի կամ ինչ-ինչ ձևով նրանք իշխանությունից հեռացվեն, ապա այս նույն Սահմանադրական կարգի տապալման օրենքը կարող էր կիրառվել իրենց նկատմամբ և նրանց տեսանկյունից ավելի լավ է՝ այն հենց հիմա հակասահմանադրական ճանաչվի, որպեսզի հետագայում արդեն նրանք ձերբազատված լինեն այս հոդվածից: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ խոսելով  ՍԴ-ի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական և անվավեր ճանաչելու մասին:

 «Միջազգային հեղինակավոր կառույցների խորհրդատվական եզրակացությունից հետո, իրեն փոքրիշատե հարգող իրավաբանը այլ եզրակացության չէր կարող հանգել, և բնականաբար, այն կաշկանդում էր, որպեսզի հակառակ որոշում կայացվեր: Բայց իմ համոզմամբ՝ այստեղ կա որոշակի սուբյեկտիվ մոտեցում, սա գուցե ենթադրություն է, բայց ես այն կարծիքին եմ, որ այս քաղաքական զարգացումները, որոնք տանում են ընդհուպ արտահերթ ընտրությունների, իշխանությանը կարծես թե զգուշացնում է, որ կարող է բումերանգի օրենքը գործել իրենց կողմից հնչեցված այն արտահայտությունների մասով, թե Սահմանադրական կարգ է խախտվել»,- ասաց նա:

Գյուլումյանի խոսքով՝ առկա էր նախադեպ, երբ մյուս կողմի նկատմամբ դատախազն այս հոդվածով մեղադրանքի պաշտպանությունից հրաժարվել է՝ ի նկատի ունենալով, որ այն հետադարձ ուժ չունի:

Անդրադառնալով այն թեմային, թե վերջերս ԲԴԽ-ի շուրջ են պտտվում իշխանության գործողությունները, կառույցին տալիս են ինչ-որ լիազորություններ, որոնց, ըստ էության դեմ է ԲԴԽ-ն, և հարցին, թե ո՞րն է իշխանության նման գործողությունների նպատակը՝ Գյուլումյանը պատասխանեց. « Ես ավելի շուտ կասեի, որ մահակ են ուզում ստեղծել անհնազանդ դատավորների նկատմամբ, որովհետև ցանկացած գործում մենք ունենք երկու կողմ և որպես կանոն՝ կողմերից մեկը դժգոհ է մնում և այս դժգոհ կողմը կարող է դիմել բողոքով: Ի՞նչ ենք մենք ուզում ասել, որ ցանկացած գործ մի հատ էլ գա՞ ԲԴԽ»:

ՍԴ նախկին դատավորը նշեց, որ ԲԴԽ-ն ստեղծվել է դատարանների անկախությունն ապահվելու համար և ոչ թե այդ անկախությունը խոչընդոտելու համար: «Այդ մարմնի առաջնային խնդիրը դատարանների անկախության ապահովումն է, հիմա մենք քաղաքացիներին ասում ենք՝ դիմեք ԲԴԽ, իհարկե նրանք ևս որպես դատարան են հանդես գալիս որոշ դեպքերում, բայց դու չես կարող և՛ այդ քննությունը սկսել և՛ դրա վերաբերյալ որոշում կայացնել: Սա տալով ԲԴԽ-ին՝ անկեղծ ասած՝ ես վտանգ եմ տեսնում դատարանների անկախության դեմ ուղղված: Սա անթույլատրելի է և սա միայն իմ կարծիքը չէ: Եթե այս օրինագծի հեղինակները կարողանային գեթ մեկ օրինակ, փորձ բերել այլ երկրներից, հիմնավորեին իրենց գործողությունները, միգուցե կարելի լիներ մտածել այդ ուղղությամբ»:

Խոսելով վերջին շրջանում իշխանության գործողությունների և դրանք անըդհատ  իրավունքի ուժին հղում անելու և դրա նպատակների մասին՝ ՍԴ նախկին դատավորը նշեց, որ մեր Սահմանադրությանը համապատասխան՝ յուրաքանչյուր պետական մարմին լիազորված է կատարել այն գործողությունները, որոնք սահմանված են Սահմանադրությամբ և օրենքներով: «Այսինքն՝ որևէ գործողություն, որն օրենքով սահմանված չէ, իշխանական մարմինը չի կարող ասել՝ իրավունքի ուժով ես այդպես եմ անում, որովհետև նա ինքը սահմանափակված է օրենքով: Իրավունքի ուժը, սովորաբար, վերաբերվում է քաղաքացուն, նրա բնական իրավունքներից բխող այդ  ուժն է, այսինքն, իմ կարծիքով՝ իրավունքի ուժի մասին մենք կարող ենք խոսել այն ժամանակ, երբ խոսքը վերաբերվում է մարդու իրավունքին»: