գլխավոր COVID-19 Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերը լավագույնն են երեք հիմնական ցուցանիշներով. Պուտին

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերը լավագույնն են երեք հիմնական ցուցանիշներով. Պուտին

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերը լավագույնն են երեք հիմնական ցուցանիշներով: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակներում Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեր պատվաստանյութերը, վստահաբար եմ ասում, ամենալավն են բոլոր երեք հիմնական ցուցանիշներով»,- ասել է Պուտինը՝ չմասնավորեցնելով, թե որ ցուցանիշների մասին է խոսքը:

«Յուրաքանչյուր մարդ պետք է իր համար կայացնի այդ որոշումը, զրուցի բժշկի հետ»,- հավելել է Պուտինն՝ անդրադառնալով պատվաստանյութի ընտրության հարցին,- «սկզբունքորեն կարելի է կիրառել դրանցից յուրաքանչյուրը, դրանք գտնվում են լավագույն համաշխարհային նմուշների մակարդակում: Կարծում եմ՝ լավագույնն են այսօրվա դրությամբ»:

Պուտինը նշել է, որ իրեն հայտնի չէ ռուսական դեղամիջոցների կիրառման հետևանքով ի հայտ եկած կողմնակի լուրջ ազդեցության դեպքերի մասին: Նրա խոսքով՝ ռուսական արտադրության պատվաստանյութերը հակացուցաումներ չունեն:

Ներկա պահին ՌԴ-ում գրանցած է երեք հակակորոնավիրուսային պատվաստանյութ՝ «Սպուտնիկ V»-ը, «Էպիվակկորոնա»-ն և «Կովիվակ»-ը:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4.5 մլն-ը, իսկ մահացածներինը՝ 97 հազարը: