գլխավոր Իրադարձային Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են Կախա Կալաձեի առողջական վիճակի լավացման մասին

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են Կախա Կալաձեի առողջական վիճակի լավացման մասին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որը տեղափոխվել էր հիվանդանոց, ավելի լավ է զգում իրեն եւ կվերադառնա աշխատանքի մոտ ապագայում, ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Հավելյալ հետազոտություններից հետո բժիշկները հայտնել են Կալաձեի վերջնական ախտորոշումը՝ «իշեմիկ ծագման կոկլեո-վեստիբուլյար դիսֆունկցիա»:

«Կախա Կալաձեն շարունակում է բուժվել հիվանդանոցում, աշխատում է հեռավար եւ շուտով կվերադառնա սովորական ռեժիմին»,-ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Թբիլիսիի 42-ամյա քաղաքապետը ավելի քան մեկ շաբաթ չէր ներկայացել հանրությանը: Նախօրեին Կալաձեն հայտնել է, որ նրա մոտ ախտորոշվել է վերտեբրո-բազիլյար անբավարարություն, եւ նա անցնում է լրացուցիչ հետազոտություններ վրացական հիվանդանոցներից մեկում:

Հավելյալ հետազոտություններից հետո այդ ախտորոշումը հերքվել է: Բժիշկները համարում են, որ վեստիբուլյար խանգարումները կապված են նրա լարված աշխատանքային օրվա, ինչպես նաեւ սպորտային անցյալի հետ: