գլխավոր Իրադարձային Փաշինյանն առաջարկում է ավելի ուժեղացնել հայ-ռուսական համատեղ զորախումբը

Փաշինյանն առաջարկում է ավելի ուժեղացնել հայ-ռուսական համատեղ զորախումբը

Անվտանգային սպառնալիքներին դիմակայելու ամենակարևոր բանաձևը հայ-ռուսական համատեղ զորախումբն է, որն արդեն գոյություն ունի Հայաստանում։ Այս մասին Արմավիրի Արագած համայնքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ կարծիքով՝ մենք պետք է առաջիկա անելիքներում, բանակցություններում մտածենք հայ-ռուսական համատեղ զորախումբը, որպես տարածաշրջանային անվտանգության կարևորագույն բաղադրիչ, ավելի ուժեղացնելու ուղղությամբ», – ասաց նա հավելելով, որ դա չի նշանակում, թեպետք է անընդհատ պատրաստվել նոր պատերազմների։

«Ընդհակառակը, սա մենք պետք է օգտագործենք տարածաշրջանի նկատմամբ մեր դիտանկյունը փոխելու ու տարածաշրջանին օգնելու, որ իրենք էլ մեր նկատմամբ իրենց դիտանկյունը փոխեն», – ասաց Փաշինյանը։

Նա նաև կրկնեց ավելի վաղ հայտնած միտքը տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման անհրաժեշտության մասին:

«Մեր երկաթուղիները դեպի Իրան և Ռուսաստան անցնում են Ադրբեջանով: Չի կարող այնպես լինել, որ մենք իրենց տարածքով ճանապարհ ստանանք, բայց իրենք մեր տարածքով ճանապարհ չստանան: Մենք պետք է որոշումներ կայացնենք, որ պետք է փոխադարձաբար օգտվենք ճանապարհներից», – ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Արագած համայնքում հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլ ամիսն ինքը հրաժարական կտա։