գլխավոր Գլխավոր Փաշինյանը չեզոքացնում է բանակը, կաշառում է Ոստիկանությանը, օգտագործում է ԱԱԾ-ն, Դատախազությունը․ Մանուկյան

Փաշինյանը չեզոքացնում է բանակը, կաշառում է Ոստիկանությանը, օգտագործում է ԱԱԾ-ն, Դատախազությունը․ Մանուկյան

Արտահերթ ընտրություններ լինել-չլինելը որոշում է վարչապետը, իսկ նա այնքան ստեր է ասել, որ ընտրությունները կարող է լինեն, կարող է չլինեն։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ նշելով, թե շարքային հանրահավաք է, ոչ թե ինչ-որ կապակցությամբ։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ «Հայրենիքի փրկության շարժման» ձևաչափի փոփոխություն լինի, Մանուկյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, թե կբանակցեն։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին իր մասնակցությանը՝ Մանուկյանը վերահաստատեց, որ ոչ մի ձևաչափով չի մասնակցելու ընտրություններին, հնարավոր է՝ հանդիպումներին մասնակցի, բայց դրանք չեն լինի այս կամ այն թեկնածուի կողմից, այլ ընդհանուր վիճակի մասին և Նիկոլի դեմ։

Դիտարկմանը՝ իր քվեները փոշիանա՞ն, Մանուկյանն արձագանքեց՝ ուրիշներին կհասնեն։ Ըստ Մանուկյանի՝ խայտառակ ընտրություններ են լինելու, քանի որ այս պայմաններում ընտրության չեն գնում, և, ըստ նրա, բզկտված վիճակում դրանք ոչ մի լավ բան չեն տալու ՀՀ-ին:

Մեկ այլ դիտարկման էլ, թե, փաստորեն, փողոցային պայքարը չհաջողեց, և Մանուկյանին մնացին միայն քրեական գործերը, վերջինս արձագանքեց․ «Փողոցային գործերը երբեմն տևում են մի ամիս, երբեմն՝ մի տարի։ Սա փողոցային երթերի և հանրահավաքների շարան է, երբ ավարտվի, միանգամից կիմանաք»։

Անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՀՀ մոտեցումներում պետք է որոշակի շտկումներ լինեն՝ այն հարցին ի պատասխան, թե ՀՀ-ն Թուրքիային համարու՞մ է թշնամի պետություն, Մանուկյանն ասաց․ «Դրա մեջ անհեթեթություն կա․ Թուրքիայի հետ մենք բարդ հարաբերություններ ունեցել ենք թե՛ նախկինում, թե՛ այժմ։ Բայց հիմա, երբ նույնիսկ պատերազմը չի ավարտվել, այն, ինչ հիմա կա, զինադադար է, ու դրանից առաջ Թուրքիան եղել է մեր դեմ որպես թշնամի, իր մոտ բարեկամության գնալն ուղղակի անհեթեթություն է։ Իսկ կոմունիկացիները կբացվեն այնքանով, ինչքանով դա կուզենան Ադրբեջանը կամ Թուրքիան, որովհետև դա լիովին իրենց ձեռքում է»,-ասաց նա։

Ըստ Մանուկյանի՝ Հայաստանում հիմա միաժամանակ երկու գործընթաց է կատարվում։ «Նիկոլ Փաշինյանն ամրացնում է իր ադմինիստրատիվ ռեսուրսը, չեզոքացնում է բանակը, կաշառում է Ոստիկանությանը, օգտագործում է ԱԱԾ-ն, Դատախազությունը։ Այդ տեսակետից լծակներն իր ձեռքն է վերցնում, մյուս կողմից էլ կորցնում է ժողովրդի աչքերում»,-նշեց նա։
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, հումանիտար միջանցք տալ, հետո հասկանալ՝ ինչ է կատարվելու, Մանուկյանն արձագանքեց, թե այդ առաջարկը քննարկման արժանի է։

Աղբյուր՝ Tert.am

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: