գլխավոր Գլխավոր Արմեն Գրիգորյանը 3 անգամ խուսափեց ուղիղ պատասխանելուց Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք...

Արմեն Գրիգորյանը 3 անգամ խուսափեց ուղիղ պատասխանելուց Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք Թուրքիան մեզ համար թշնամի պետություն է (տեսանյութ)

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ այսօր երեք անգամ խուսափեց ուղիղ պատասխանելուց հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի համար թշնամի պետություն է, թե ոչ։

Նախ Պետրոս Ղազարյանն ասում է․ «Տեսեք, մենք տեսանք, թե թուրքերն ինչպես օգնեցին Ադրբեջանին, և եղավ այն, ինչ եղավ։ Ճիշտ է, հիմա նրանց հռետորաբանությունը փոխվել է, բայց ես ինչքան հասկանում եմ, մեր անվտանգության կոնցեպտը դրանից չի փոխվել։ Չի փոխվել չէ՞, մենք Թուրքիան համարում ենք թշնամի պետություն։ Այդպե՞ս է, թե ոչ»։

Սրան ի պատասխան Արմեն Գրիգորյանն ասում է․ «Նայեք, ես ասեցի, որ տարածաշրջանում շատ բաներ են փոխվել, մենք նոր էլ քննարկում էինք, որ հնարավորություն կա ընդհանուր տարածաշրջանի ապաշրջափակման ․․․ եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պիտի լինեն»։

Արմեն Գրիգորյանի պատասխանին զուգահեռ Պետրոս Ղազարյանը ևս մեկ անգամ է նույն հարցադրումն անում, թե արդյոք մենք Թուրքիային թշնամի պետություն համարում ենք։

Արմեն Գրիգորյանի պատասխանից հետո Պետրոս Ղազարյանն արդեն երրորդ անգամ է անում հարցադրումը․«Այսինքն՝ Թուրքիան էլ թշնամի պետություն չի՞»։

Սրան ի պատասխան Արմեն Գրիգորյանն ասում է․ «Նայեք, միանշանակ պնդել, որ որևիցե վտանգ չի գալիս Թուրքիայից սխալ կլինի, բայց ընդհանուր տարածաշրջանում ընթացող գործընթացները նաև այլ հնարավորություններ  են տալիս»։

Հարցազրույցի այդ հատվածը կարող եք դիտել 07.50-ից։