գլխավոր Քաղաքականություն Վրաստանի ընդդիմությունը նշել է խորհրդարանում ընդգրկվելու համար անհրաժեշտ պայմանները

Վրաստանի ընդդիմությունը նշել է խորհրդարանում ընդգրկվելու համար անհրաժեշտ պայմանները

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները պատրաստ են դադարեցնել բոյկոտը և ընդգրկվել խորհրդարանի կազմում իշխանությունների հետ մի շարք առանցքային հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, որոնց թվում են արտահերթ ընտրություններն ու դատական համակարգը:

«Մենք հասկանում ենք, որ նորմալ քաղաքական իրավիճակում մանդատ ստացած բոլոր քաղաքական ուժերի տեղը խորհրդարանն է, որտեղ պետք է քաղաքական հարցեր որոշվեն: Անհրաժեշտ բարեփոխումներ անելու և գործող իշխանությունների հետ պայմանավորվելու համար մենք պատրաստ ենք մտնել ներկայիս խորհրդարան»,- Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ ասվում է 9 ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունում։ 

Հայտարարության հեղինակները հիշեցնում են 2020 թվականին կայացած ընտրություններում գրանցված զանգվածային խախտումների, ինչպես նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականությունից հեռանալու և վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականի մասին:

«Այդ ամենը հաշվի առնելով՝ նոր, արտահերթ ընտրություններ նշանակելը տրամաբանական անհրաժեշտություն է և եվրոպական ժողովրդավարությանը համապատասխանող քայլ»,- ասվում է ընդդիմության հայտարարության մեջ:

Նրանք առաջարկում են ընտրական և դատական համակարգերի բարեփոխումներ անել:

Ընդդիմության ներկայացուցիչները չեն ընդունում անցյալ տարի կայացած խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը. պատգամավորների մեկ երրորդից ավելին արդեն հինգերորդ ամիսն է, ինչ հրաժարվում է աշխատել օրենսդիր մարմնում: Ստեղծված ճգնաժամը սրվել է «Միասնական ազգային շարժում» խոշոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո, որին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի հունիսին Թբիլիսիի խորհրդարանի մոտ տեղի ունեցած անկարգությունների գործով: