
Մատաղիսի Սուրբ Եղիշե Առաքյալ եկեղեցու սրբապղծության դեպքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի միջազգային մարմիններին` նշելով, որ սա հերթական ապացույցն է, որ Արցախում հայերի նկատմամբ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն:
«Ակնհայտ է, որ սա թե՛ էթնիկ, թե´ կրոնական հիմքով բացահայտ ատելությամբ կատարված արարք է: Ընդ որում` խոսքը ոչ թե առանձին ինչ-որ դեպքի մասին է, այլ սա Ադրբեջանում տարիների ատելության ու թշնամանքի համակարգված քաղաքականության արդյունքն է, որ շարունակվում է նաև ներկայում»,- Facebook-ում գրել է Թաթոյանը:
Հիշեցնենք՝ համացանցում հայտնվել է ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային եղեռնի հերթական փաստն ապացուցող հերթական տեսանյութը: Sputnik Արմենիան պարզել էր, որ դա Մատաղիսի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող 1892-1898 թվականների Սուրբ Եղիշե Առաքյալ եկեղեցին է:
Աղբյուր՝ Sputnik