գլխավոր Քաղաքականություն Լեհաստանը պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության մեջ ներգրավված նավերի...

Լեհաստանը պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության մեջ ներգրավված նավերի նկատմամբ

Լեհաստանը պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարության մեջ ներգրավված երկու նավերի նկատմամբ, հաղորդում է BiznesAlert-ը՝ հղում անելով ենթակառուցվածքների փոխնախարար Գրժեգոժ Վիտկովսկուն:

Նա նշել է, որ խոսքը Krebs Geo եւ Krebs Jet նավերի մասին է, որոնք պատկանում են գերմանացի սեփականատիրոջը, բայց գրանցված են Գդանսկ քաղաքի ծովային պալատում: Նախարարի խոսքով՝ նրանց փաստաթղթերն այժմ անվավեր են, եւ նրանք կդիտվեն որպես գազատարի նկատմամբ սահմանված պատժամիջոցները խախտող միավորներ:

Վիտկովսկին ընդգծել է, որ Լեհաստանի դրոշի ներքո նավարկող ոչ մի նավ չի կարող ոտնահարել Վարշավայի տնտեսական շահերը, եւ նշել է, որ Լեհաստանը չի ցանկանում կապ ունենալ այդ օբյեկտների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ուրբաթ օրվանից այս երկու նավերը չպետք է հայտնվեն մեր ջրերում: Հակառակ դեպքում մենք մեզ իրավունք ենք վերապահում նրանց բերման ենթարկել՝ ստուգման համար»,- ասել է Վիտկովսկին:

Ծրագիրը ենթադրում է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր ծավալով գազատարի երկու ճյուղերի կառուցում` Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովի միջով մինչեւ Գերմանիա: Այն նաեւ անցնելու է Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Դանիայի տարածքային կամ բացառիկ տնտեսական գոտիներով:

ԱՄՆ-ն իր հեղուկ գազը մղում է դեպի Եվրոպա եւ փորձում է թույլ չտալ ռուսական գազատարի շինարարության ավարտը: 2019-ի դեկտեմբերին Վաշինգտոնը պատժամիջոցներ էր կիրառել նախագծում ներգրավված ընկերությունների նկատմամբ, ինչի արդյունքում շվեյցարական Allseas-ն անմիջապես դադարեցրել էր գործունեությունը: Տեղադրումը վերսկսվել էր մեկ տարի անց՝ 2020-ի դեկտեմբերին Nord Stream 2 AG-ի օպերատորն, օգտագործելով Fortuna նավը, գերմանական ջրերում 2,6 կիլոմետր խողովակներ էր տեղադրել:

Այժմ շինարարությունը հասել է վերջին փուլին: Կապալառուի խոսքով՝ գազատարի 2460 կիլոմետր ընդհանուր երկարությամբ երկու ճյուղերից՝ 120-ը Դանիայի ջրերում, 28-ը՝ Գերմանիայի, գրեթե 148 կիլոմետր հատվածում խողովակներ չեն տեղադրվել:

Դանիայում աշխատանքներն արդեն սկսվել են, ներգրավված է «Ֆորտունան»: Մարտի վերջին դրան կմիանա «Ակադեմիկոս Չերսկի» խողովակ տեղադրողը: