գլխավոր Քաղաքականություն ՍԴ որոշումը նոր քաղաքական իրավիճակ ստեղծեց. քաղաքագետ

ՍԴ որոշումը նոր քաղաքական իրավիճակ ստեղծեց. քաղաքագետ

Սահմանադրական դատարանի մարտի 26-ի որոշմամբ արձանագրվեց, որ երեք տարի շարունակ իրականացված հետապնդումը  հիմնազուրկ էր օրենքի եւ  իրավունքի տեսանկյունից, որ դա փաստացի քաղաքական հետապնդում է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Սահմանադրական դատարանը մարտի 26-ին՝ նախագահությամբ Արման Դիլանյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1֊րդ հոդվածը՝ նշելով, որ այն հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ Ընդ որում՝ ՍԴ-ն այս որոշումը կայացրել էր ձայների մեծամասնությամբ, ասել է թե՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից ընտրված ՍԴ դատավորները եւս գտել էին, որ 300.1-րդ հոդվածը հակասահմանադրական է։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ՍԴ-ն, որպես բարձրագույն դատական օղակ, արձանագրեց հոդվածի հակասահմանադրականությունը, ինչը ենթադրում է, որ հետապնդումն ուներ այլ բնույթ և որևէ կապ չուներ ինչ-որ իրադարձություններում որևէ անձի մեղավոր լինել-չլինելու հետ.

«Կար քաղաքական հակառակորդի դիրքերին հարվածելու նպատակադրում՝ երեք տարվա կտրվածքով, որպեսզի հնարավոր քաղաքական սպառնալիքները, որոնք կարող էին ի հայտ գալ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դաշտ գալուց հետո, ինչ-որ կերպ վերացվեին կամ թուլացվեին։  Պետք է արձանագրել ՍԴ որոշումը նոր քաղաքական իրավիճակ ստեղծեց այն առումով, որ ազդեցության իրավական գործիքները կորցրին իրենց ուժը»,-ասաց Ալեն Ղևոնդյանը:

Վերջինս չբացառեց, որ իշխանությունը կփորձի կեղծ մեղադրանք կամ հոդված գտնել, որպեսզի Ռ.Քոչարյանի դեմ որպես ճնշման գործիք օգտագործի:

«Եթե հիշում եք, ԱԱԾ նախկին պետերից մեկը հրապարակային հայտարարությամբ հանդես եկավ, որ վարչապետին հորդորել է, որ քաղաքական կեղծ գործեր չսարքեն, քաղաքական հակառակորդների դեմ: Հենց Ռոբերտ Քոչարյանի գործը լիովին  տեղավորվում է այդ գործերի մեջ։ Արտերկրյա շատ գործընկերներ, իրավաբանական գործակալություններ, ծառայություններ ակնհայտորեն տեսնում են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական նկատառումներով իրավական գործերը, ճիշտ է ոչ միշտ են արձագանքում, բայց հասկանում են, որ Հայաստանը որևէ աղերս չունի իրավական կամ ժողովրդական պետություն հետ։ Ավելին՝ այն գլորվում է ծայրահեղ ավտորիտարիզմ,  պետության կորստի անդունդը»,-ասաց քաղաքագետը:

Նրա արձանագրմամբ՝ այս տարիներին հետապնդումներ եղել են ոչ միայն ընդդիմադիրների, այլ նաև՝ դատավորների նկատմամբ.

«Գործող վարչապետը առնվազն երկու անգամ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով, ունենալով զրո իրավագիտակցություն, փաստացի ինքն իր դեմ ցուցմունք է տվել և իր աջակիցներին ուղղորդել է դատարանների շենքերը, մուտքերը, եղել է դեպք, երբ այդ նույն մարկանց ուղղորդել է շրջափակել ԱԺ-ն: Դա իշխանության մի թևի՝ գործադիրի ղեկավարի կողմից սահմանադրական հավասարակշռությանն ուղղված քայլ է, որը ծանր քրեական հանցագործություն է»,-ասաց փորձագետը և ընդգծեց, որ ՀՀ հաջորդ ղեկավարը պետք է ձևակերպի վարույթ այս ուղղությամբ և արձանագրի, որ Հայաստանում իշխանության մի թևի կողմից  ճնշում է եղել մյուսի թեւի վրա։

Հարցին՝ ՍԴ այս որոշումը ինչպե՞ս կանդրադառնա ընտրական գործընթացների վրա, քաղաքագետը չբացառեց, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավանաբար տեղի կունենա, որոշակի կոնսոլիդացիա.

«Քաղաքական իմաստով՝  Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը ընտրություններին մասնակցելու մասով գալիս են հաստատելու, որ նա մտել է ակտիվ քաղաքականություն և որպես երկրորդ բևեռ, եթե պայմանականորեն գործող իշխանությանը համարենք առաջին բևեռ, Ռոբերտ Քոչարյանի շուրջ, հավանաբար, տեղի կունենա որոշակի կոնսոլիդացիա՝ իրավական այս շինծու գործի  վերացումը կնպաստի դրան» ,-եզրափակեց Ալեն Ղևոնդյանը:

Աղբյուր` Փաստինֆո