գլխավոր Իրադարձային Freedom House. Նոր փոփոխությունները սպառնում են Հայաստանում «խեղդել» խոսքի ազատությունը

Freedom House. Նոր փոփոխությունները սպառնում են Հայաստանում «խեղդել» խոսքի ազատությունը

Ցավոք, Հայաստանի կառավարությունը սահմանել է տուգանքներ, որոնք «խեղդելու» են կարծիքների արտահայտման ազատությունը եւ սպառնում են երկրում զանգվածային լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Freedom House-ը։

Freedom House-ի Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդտը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պատասխանատվություն են կրում ԶԼՄ-ներում և երկրում ազատ արտահայտվելու համար ու ընդգծել. «ցավոք, Հայաստանի կառավարությունը սահմանել է տուգանքներ, որոնք «խեղդելու» են կարծիքների արտահայտման ազատությունը եւ սպառնում են երկրում զանգվածային լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությանը:

«Քաղաքացիական հասարակությունն արդարացիորեն քննադատել է օրինագիծն այն հիմքով, որ չափից ավելի տուգանքներ են գանձվելու, այդպիսով անկախ լրատվամիջոցների վրա քաղաքական ճնշում է գործադրվելու ՝ քաղաքական գործիչներին եւ այլ ազդեցիկ հասարակական գործիչներին քննադատելու համար: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին լրջորեն վերաբերվել քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվության միջոցների գործունեությանը եւ չեղյալ հայտարարել այդ օրենքը»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է մեծացնել զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված տուգանքի չափը։