գլխավոր Միջազգային Ժիրինովսկին առաջարկել է ներգաղթյալներին ուղարկել Ռուսաստանի դատարկ գյուղեր

Ժիրինովսկին առաջարկել է ներգաղթյալներին ուղարկել Ռուսաստանի դատարկ գյուղեր

Ներգաղթյալներին, որոնք Ռուսաստան են ժամանում, պետք է ուղարկել երկրի դատարկվող գյուղեր՝ այդ տարածքները կրկին բնակեցնելու համար: 

Նման առաջարկով է հանդես եկել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի եթերում, գրում է lenta.ru-ն: 

«Թող անգամ իրենց ընտանիքների հետ գնան: Մենք նրանց տուն կտրամադրենք Ռուսաստանի դատարկ գյուղերում, թող այնտեղ ապրեն: Նրանք լավ հողագործներ են: Օրինակ՝ ղազախներն ու ղրղզները քոչվորներ են…իսկ տաջիկներն ու ուզբեկները հողագործներ են», – ասել է քաղաքական գործիչը:

Ըստ նրա, նման մոտեցումը թույլ կտա միանգամից լուծել մի քանի խնդիր: Մի կողմից, երկրում բնակչությունը կաճի, մյուս կողմից՝ կլուծվի դատարկ տների ու հողերի խնդիրը:

Ժիրինովսկին նշել է նաև, որ ռուսական ընկերություններն առաջին հերթին պետք է աշխատանքի վերցնեն ռուսներին, և դրանից հետո միայն՝ ներգաղթյալներին: Միևնույն ժամանակ, տաջիկ կամ ուզբեկ աշխատողներ ունենալ ցանկացողները պետք է նրանց «հատուկ գնացքներով»  տեղափոխեն աշխատավայրեր, ինչպես նաև ժամանակավորապես տրամադրեն հանրակացարաններ, ապա տուն ուղարկեն:

«Որպեսզի նրանք չքայլեն Ռուսաստանի ընդարձակ տարածքներում»,- բացատրել է նա