գլխավոր Իրադարձային «Իրենք պետք է մեկնաբանեն ու հիմնավորեն, թե ինչ են արել, որ ստացել...

«Իրենք պետք է մեկնաբանեն ու հիմնավորեն, թե ինչ են արել, որ ստացել են 319 տոկոս աճ». Զարմինե Զեյթունցյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ նախորդ տարի  Հայաստանում զբոսաշրջության ոլորտում շռնդալից անկում է գրանցվել, սակայն այս տարի, ըստ նրա՝ Երևանի փողոցում պարսիկների բավականին մեծ խումբ կա։

«Իրանցիների մեր երկիր այցելելը պայմանավորված է նաև Նովրուզով, ապրիլին ևս շատ ամրագրումներ կան: Իսկ մայիսից պլանավորում ենք մտնել  լրիվ նորմալ և ընդունելի տեմպի մեջ: Այս տարվա համար տուրիզմի աճը նախորդ տարվա նկատմամբ կանխատեսված է 319 տոկոս: Այսինքն՝ 2019-ի նկատմամբ մինուս 20-25 տոկոս է, բայց 2020-ի նկատմամբ + 319 տոկոս է կանխատեսումը»,- ասել էր նախարարը։

Հանրության ու փորձագետների համար, սակայն, հասկանալի չէ, թե ինչ վերլուծության հիման վրա է արվել նախարարի՝ զբոսաշրջության ոլորտում սպասվող 319 տոկոս աճի մասին հայտարարությունը։

168.am-ի հետ զրույցում Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Զարմինե Զեյթունցյանը դժվարացավ որևէ կերպ մեկնաբանել Վահան Քերոբյանի հայտարարությունը՝ նշելով, որ չգիտի, թե ինչի վրա են հիմնված այդ հայտարությունները։

«Դժվարանում եմ մեկնաբանել, գուցե որոշակի անալիզներ են արել, որ նման բան են ասում։ Անկեղծ ասած, ես հիմա դրանով չեմ զբաղվում, դասավանդում եմ և այս պահին ընդհանրապես դրանով չեմ հետաքրքրվում։ Եթե իրենք այդպիսի բան են ասել, մասնավորապես՝ 319 տոկոս աճի հետ, իրենք էլ պետք է մեկնաբանեն ու հիմնավորեն, թե ինչ են արել, որ ստացել են այդ թիվը, որովհետև պետք է ինչ-որ գործողություններ անեն, չէ՞,  նման աճ ապահովելու համար։ Հիմա ես չեմ կարող ասել՝ սա ճի՞շտ է, թե՞ սխալ, առանց հիմնավորման՝ որևէ բան չեմ կարող ասել։ Այն ժամանակ, երբ կոմիտեում էի, մեկնաբանում էի այն ամենը, ինչի պատասխանատուն ես էի»,- եզրափակեց Զարմինե Զեյթունցյանը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ ասաց, որ, եթե իրականացվեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որի մասին բազմիցս հնչեցրել է նաև տուրիզմի հայկական ֆեդերացիան, հնարավոր է՝ ոլորտում աճ գրանցվի։

«Եթե մեր նշած բոլոր միջոցառումներն իրականացվեն, իհարկե, մենք սպասում ենք ոլորտի վերականգնմանը, նաև աճին։ Իսկ թե որքան աճ կլինի, դժվար է ասել։ Կարելի է ասել, այս պահին ոլորտում որոշակի հուսադրող բաներ լինում են, և սա հուսադրող է և ոչ միայն՝ հուսադրող, այլև գործողությունների մղող։ Մենք չենք զլանա նորից ասելու, որ ոլորտում անհրաժեշտ է մի շարք միջոցառումներ իրականացնել՝ համալիր միջոցառումներ»,- շեշտեց Մեխակ Ապրեսյանը։

Հիշեցնենք, որ Տուրիզմի հայկական ֆեդերացիան միշտ բարձրաձայնել է, որ զբոսաշրջության ոլորտում  կորոնավիրուսի թողած  հետևանքները չեզոքացնելու և ոլորտի կենսագործունեությունն ապահովելու համար պետությունը պետք է վերանայի ոլորտի հարկային քաղաքականությունը՝ ընկերություններին հնարավորություն տալով վերականգնվելու։