գլխավոր Իրադարձային ՀՀ-ՌԴ ռազմական համագործակցության ապագան անորոշ է․ Ալ․ Խրամչիխին

ՀՀ-ՌԴ ռազմական համագործակցության ապագան անորոշ է․ Ալ․ Խրամչիխին

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխնի խոսքով՝  հիմա դժվար է ասել, թե ինչպիսին կլինի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը։ Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ դա մեծամասամբ Հայաստանից է կախված և այն իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ հայտարարություններ է անում ռուսական զենքերի մասին, դժվար է ապագայի մասին կանխատեսումներ անելը։ Նա նաև դժվարացավ նշել Փաշինյանի հայտարարությունների պատճառները։

«Դժվար է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածները, որովհետև նա ոչ կոմպետենտ մարդ է, ընդհանուր առմամբ, և հատկապես ռազմական ոլորտում։ Երևի թե, ընդհանրապես նա չի հասկացել, թե ինչ է խոսում Իսկանդերից։ Իսկ եթե խոսում ենք ՍՈՒ-30-ի մասին, ապա պետք է ասեմ, որ հենց այսօր մեզ մոտ հրապարակվեց դրա լուսանկարը՝ իր հրթիռներով։ Այն ձեզ մոտ էր։ Նորից դժվար է հասկանալը, թե ինչ է ասում Փաշինյանը։ Ես ինքս չգիտեմ, դժվարանում եմ ասել։ Բացի այդ, եթե դուք գնում եք ինքնաթիռ, ապա պետք է գուշակեիք, որ նրան հրթիռներ են պետք։ Դրա համար անգամ ռազմական փորձագետ պետք չի լինել»,- ասաց Խրամչիխինը։

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սպառազինության թեմային, Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը Ռուսաստանից Սու-30 կործանիչները գնել է առանց հրթիռների։

Մինչդեռ 2020թ․ հուլիսին Փաշինյանն ինքն էր հայտարարել, որ ՀՀ ԶՈւ Սու-30 բազմաֆունկցիոնալ կործանիչները զորավարժություններ են անցկացրել՝ խոցելով թիրախները «օդ-ցամաք» հրթիռներով, և անգամ տեսանյութ էր հրապարակել։

Իսկ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկած էր հայտնել «Իսկանդերի» հուսալիության և մարտունակության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական համակարգի հրթիռները պայթել էին «10 տոկոսով»։

Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ հիմա անորոշ է Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցության ապագան նաև մեկ այլ պատճառով․ «Հարց է, թե ինչ է Հայաստանը ցանկանում ստանալ Ռուսաստանից, քանի որ առաջանում է խնդիր՝ ձեր ունեցած փողը, մեր զենքի գինը։ Իսկ դա բարդ խնդիր է և առանձին քննարկման առարկա, մեծամասամբ քաղաքական, բայց նաև, իհարկե, տնտեսական։ Նորից կրկնեմ, որ այստեղ մեծ հարց է, թե Հայաստանն ինչ և ինչքան է ուզում Ռուսաստանից։ Ինձ դա դժվար է հասկանալը, որովհետև կա Փաշինյան և կան զինվորականներ, որոնք, կարծես թե, ամբողջովին տարբեր հայացքներ ունեն հարցերի վերաբերյալ»,- ասաց նա։

Ռուսաստանցի փորձագետի խոսքով՝ Հայաստանին անհրաժեշտ է տոտալ ռազմական համալրում բոլոր ուղղություններով։ «Ես որքան հասկանում եմ՝ ղարաբաղյան բանակը փաստացի տեղափոխվել է Հայաստան, միացել է հայաստանյան բանակին, բայց դա շատ թույլ մխիթարանք է, որովհետև դա ոչ մեծ քանակով համալրում է սովետական տեխնիկայով։ Իսկ իրականում պետք է փոխել ամեն ինչ,- ասաց նա՝ հավելելով, որ խոսքը միայն հակաօդային պաշտպանության միջոցներին չի վերաբերում, որը պետք է պայքարի անօդաչու թռչող սարքերի դեմ,- ՀՕՊ-ը համալրել պետք է, բայց դա միակ բանը չէ, որ պետք է։ Ամեն ինչ է Հայաստանյան բանակին պետք»։

Ալեքսանդր Խրամչիխինն ընդգծեց, որ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը կախված է նաև քաղաքական հարաբերությունների մակարդակից։

«Հատկապես Հայաստանի և Ռուսաստանի դեպքում, երբ միևնույն ռազմական դաշինքի անդամ են։ Այստեղ քաղաքականության ազդեցությունը շատ ավելին է։ Դա ամենաքիչը կարող է ազդեցություն ունենալ գնային պայմանների վրա։ Ադրբեջանին Ռուսաստանը վաճառում էր զենք, և դա պարզապես կոմերցիոն գործարք էր, ամբողջական գնով էլ վաճառում էր այն, ինչպես կվաճառեր որևէ արաբական երկրի։ Այնտեղ քաղաքական գործոնը ամենաքիչն էր։ Իսկ Հայաստանը, ինչքան հասկանում եմ, շատ ավելի քիչ գումար ունի, քան Ադրբեջանը, իսկ զենք հիմա նրան շատ է անհրաժեշտ, և այստեղ է, որ հարցը տեղափոխվում է քաղաքական դաշտ»,- նկատեց նա։

Ալեքսանդր Խրամչիխինը նորից ընդգծեց՝ հայ-ռուսական հարաբերությունների ապագան կախված է նաև երկրում ստեղծված իրավիճակից, երբ անհամաձայնություն կա Նիկոլ Փաշինյանի և զինվորականների միջև։ «Դրանք երկու տարբեր Հայաստաններ են, և ինձ համար դժվար է ասել, թե ով է ղեկավարում»,- ասաց նա։

Ռուսաստանցի ռազմական փորձագետն անդրադարձավ նաև ռուս խաղաղապահների դերին ԼՂ հակամարտության գոտում։ Չհամաձայնեց այն կանխատեսումների հետ, ըստ որոնց, ադրբեջանական կողմը հնարավոր է սադրի, չսպասի համաձայնագրի ժամկետի ավարտին։

«Եթե Ադրբեջանը նման ցանկություն ունենար, կարող էր ընդհանրապես համաձայնագիրը չստորագրել, պարզապես վերցներ Ղարաբաղը։ Դա իրական էր և անխուսափելի էր Շուշին ընկնելուց հետո։ Դրա համար, կարծում եմ, որ առաջիկա հինգ տարիներին իրավիճակը հարաբերական կայուն կլինի, իսկ արդեն հետոն չեմ կարող կանխատեսել»,- ասաց նա՝ նշելով, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղի մնացած մասի անվտանգության երաշխիքն են։