գլխավոր Իրադարձային Մոտենում ենք կորոնավիրուսի պիկին. մահճակալային ֆոնդն արդեն զբաղված է

Մոտենում ենք կորոնավիրուսի պիկին. մահճակալային ֆոնդն արդեն զբաղված է

Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճի պատճառով Հայաստանում ավելանում է այն հիվանդանոցների թիվը, որոնք զբաղվում են կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը:

«Կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ այս պահին զբաղվում են 15 հիվանդանոց, որոնցից մեկին հենց այսօր ենք ներգրավել այդ պրոցեսում։ Այդ հիվանդանոցներից 5-ը մարզային են, մյուսները երևանյան հիվանդանոցներն են։ Մասնավորապես, մարզերում վարակակիրների բուժմամբ զբաղվում են Գյումրու երկու ԲԿ–ները և Կապանի, Մարտունու, Սպիտակի ԲԿ–ները»,–ասաց Խաչատրյանը։

Ի պատասխան այն հարցի, թե բաց և փակ տարածություններում դիմակ չդնելու համար արդյո՞ք կարող են նորից տուգանքներ կիրառվել, Խաչատրյանը նշեց, որ իրականում դիմակ դնելու որոշումը չի էլ չեղարկվել, այսինքն` հիմա էլ պարտադիր է այն։ Նա հավելեց, որ կան պատասխանատու մարմիններ, որոնք պետք է վերահսկեն իրավիճակը։

Ի դեպ, երեկվա` մարտի 25-ի դրությամբ, կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում միայն երկու ազատ մահճակալ էր մնացել։ Նշենք նաև, որ նախորդ տարի կորոնավիրուսի պիկի ժամանակ 29 հիվանդանոցներում էր վարակակիրների բուժում իրականացվում։

Համաճարակաբան, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանն էլ ասում է, որ արդեն իսկ մոտենում ենք կորոնավիրուսային պիկին։

«Բնական ձևով է ընթանում համաճարակային պրոցեսը. դեպքերը կավելանան, որոշակի իմունիտետ ձեռք կբերենք, և եթե նորից հատուկ միջոցառումներ չիրականացնենք, կունենանք կորոնավիրուսի 4-րդ և 5-րդ ալիքները։ Հարցն այն է, որ չնայած բոլորն էլ ծանոթ են հակահամաճարակային կանոններին, թուլացրել են զգոնությունը։ Մեկն ասում է` հիվանդացել է և արդեն հակամարմիններ ունի, մյուսն ասում է` իրեն ապահով է զգում, քանի որ կողքինը հակամարմին ունի»,–նշեց համաճարակաբանը։

Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում։