գլխավոր Իրադարձային Սպանելու հրաման տվողները պետք է կանգնեն դատարանի առաջ. Հրանտ Դինքի ընտանիքը՝ դատարանի...

Սպանելու հրաման տվողները պետք է կանգնեն դատարանի առաջ. Հրանտ Դինքի ընտանիքը՝ դատարանի որոշման մասին

«Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները Դինքի սպանության գործով դատարանի որոշումը անբավարար և ոչ ճիշտ են համարում: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Duvar» թերթը՝ Դինքի ընտանիքի փաստաբանները դատարանի շենքի դիմաց հայտարարել են, որ այդ որոշումը չի բացահայտում սպանության դավադրությունը՝ իր բոլոր ասպեկտներով:

«Որոշումը կոնկրետ չի բացահայտում, թե ով է հրաման տվել սպանել: Այս որոշումը լուրջ սխալներից է բաղկացած և չի բացահայտում Դինքի սպանությունը նրա բոլոր ասպեկտներով»,- հայտարարել են փաստաբանները՝ հավելելով, որ կբողոքարկեն վերաքննիչ դատարանում:

«Հրանտ Դինքի ընկերներ» անունով խումբը նույնպես մամուլի ասուլիս են անցկացրել դատարանի առջև՝ հայտարարելով, որ իրենց պայքարը արդարության համար չի ավարտվել, քանի որ սպանության դավադրության բոլոր մանրամասները չեն բացահայտվել:

«Մենք ևս մեկ անգամ ասում ենք՝ սպանելու հրաման տվողները պետք է կանգնեն դատարանի առջև: Դատարանի այս որոշումը վերջ չդրեց արդարության համար պայքարին, բայց գուցե այն դրվեց մեկ այլ փուլի: Այդ գործը չի ավարտվի մինչև չհայտարարենք, որ ամեն ինչ ավարտված է»,- հայտարարել են «Հրանտ Դինքի ընկերներ»-ը:

«Ակոս»-ի ներկայիս գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը նույնպես մեկնաբանել է դատարանի որոշումը՝ հայտարարելով, որ Հրանտ Դինքի սպանության մեխանիզմը մինչև վերջ չի բացահայտվել: