գլխավոր Իրադարձային Հյուսիս-հարավի շինարարությունը կմեկնարկի եղանակային պայմանների բարելավման պես

Հյուսիս-հարավի շինարարությունը կմեկնարկի եղանակային պայմանների բարելավման պես

Եղանակային պայմանների բարելավման պես կմեկնարկի Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի շուրջ 42-50 կմ ճանապարհահատվածի շինարարությունը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է զեկուցել կատարված աշխատանքների մասին:

Փաշինյանն այսօր այցելել է ՏԿԵ նախարարություն՝ ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով:

«Ճանապարհաշինության բնագավառում՝ 2019թ. իրականացվել է 350 կմ ճանապարհի, 2020թ.՝ շուրջ 400կմ ճանապարհի հիմնանորոգում և միջին նորոգում, ևս 150կմ ներհամայնքային ճանապարհն վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով:

Ֆինանսավորման աղբյուրները մի քանիսն են՝ պետական բյուջեից մինչև դրամաշնորհներ և վարկային ծրագրեր: 2020թ. իրականացվել և այժմ ընթացքի մեջ են «Կենսական ճանապարհների բարելավում» և Մ6՝ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի շինարարության ծրագրերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարը նաև հայտնել է, որ «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակներում կառուցվելու/ամրացվելու է առնվազն 46 դպրոց: Ծրագրի սկզբից մինչ այժմ ակտիվ շինարարության փուլ է մտել 19 դպրոց: Ավարտվել է 6-ի շինարարությունը, 2–ի շինարարությունը կավարտվի 2021թ., իսկ 11-ինը՝ 2022թ. ընթացքում: Ներկայում նախագծվում է 15 դպրոցական շենք, որից 11-ն ավարտվել է և գտնվում է տարբեր փորձաքննությունների փուլերում:

Վարչապետն էլ իր հերթին կարևորել է ճանապարհաշինության ոլորտում առկա բոլոր ծրագրերի ներդաշնակեցումը թե՛ շինարարական աշխատանքների, թե՛ ֆինանսավորման մեխանիզմների առումով, որպեսզի գործընթացն իրականացվի ամբողջական և փոխլրացված կերպով: