գլխավոր Իրադարձային Տավուշը պետք է ավելի լավ օգտագործի Թբիլիսիի օդանավակայանի հնարավորությունները. մարզպետ

Տավուշը պետք է ավելի լավ օգտագործի Թբիլիսիի օդանավակայանի հնարավորությունները. մարզպետ

 Տավուշի մարզը պետք է ավելի արդյունավետ օգտագործի Վրաստանի մայրաքաղաքի օդանավակայանի հնարավորությունները։  Նման կարծիք է հայտնել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ պատասխանելով մարզում փոքր օդանավակայանների աշխատանքի վերսկսման հնարավորությանը վերաբերող հարցին։

«Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման մեջ մենք, բնականաբար, դիտարկում ենք նաև այս սեգմենտը, որում մենք ունեցել ենք երկու փոքր օդանավակայան՝ Բագրատաշենում և Բերդում։ Բերդինը ավելի խնդրահարույց է Ադրբեջանի հետ սահմանային լինելու պատճառով։ Բայց Բագրատաշենի օդանավակայանը ևս սկզբունքորեն կարող է դիտարկվել», – ասաց Չոբանյանը։

Այս պահին մարզի ղեկավարությունն առաջին տարիների համար նման խնդիր չի դնում։ Սակայն Տավուշում պատրաստ են ուսումնասիրել այդ հնարավորությունը և հարցը ներառել 2021-2025 թվականներին մարզի զարգացման ռազմավարության մեջ։

«Զարգացման ռազմավարության մեջ անդրադարձ կա օդային տրանսպորտին և մասնավորապես Բագրատաշենի օդանավակայանին ու Այգեպարի օդանավակայանին։ Բայց այս պահին այդ օդանավակայանի կոնկրետ բացման, գործարկման հետ կապված որևէ խնդիր չենք դնում։ Ես կարծում եմ, որ մենք օդային տրանսպորտի տեսանկյունից այսօր մեծ խնդիր ունենք նաև տնտեսական տեսանկյունից ավելի արդյունավետ դարձնելու Թբիլիսիի օդանավակայանի տված հնարավորությունները», – ասաց Չոբանյանը։