
Daymak կոչվող կանադական ընկերությունը պնդում է, որ իր երկտեղանի էլեկտրական մեքենան ավելի արագընթաց կլինի, քան գալիք Tesla Roadster-ը կամ աշխարհի ցանկացած այլ էլեկտրական մեքենա: Այս մեքենան ընդամենը 1,8 վայրկյանում 0-ից մինչև 100 կմ/ժ արագություն է զարգացնում: Այս մասին տեղեկացնում է luxurylaunches.com կայքը:
Բայց կա մի բայց. այն ունի ընդամենը երեք անիվ: Կանադական արտադրողն իրականացրել է քրաուդֆանդինգ արշավ՝ Spiritius անունով եռանիվ էլեկտրամոբիլի համար: Ընկերությունը հուսով է, որ մեքենայի համար կստանա 50 000 նախնական պատվեր, ինչը, մեղմ ասած, շատ լավատեսական է:
Daymak Spiritius-ը կունենա երկու տարբերակ. Ultimate մոդելը՝ 149 000 դոլար մեկնարկային գնով, որը կլինի Tesla-ին գերազանցող արագությամբ, իսկ Deluxe տարբերակը շատ ավելի մատչելի կլինի` 19 995 դոլար: Մեքենաները մեկ լիցքավորմամբ կանցնեն առավելագույնը 480 կմ:
Daymak-ի հիմնադիր և նախագահ Ալդո Բայոկին ասել է. «Սա շատ հուզիչ է: Daymak-ը երկար ճանապարհ է անցել այն ժամանակվանից, երբ ես սկսեցի աշխատանքը իմ ավտոտնակում 2001 թվականին: Spiritus-ը իրականություն դարձած երազ է»:


