գլխավոր Իրադարձային Բագրատյանն արձագանքել է Տավուշի մարզպետին

Բագրատյանն արձագանքել է Տավուշի մարզպետին

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ ներկայացրած հայցով պահանջում է հերքել իր հասցեին հնչած արտահայտությունները եւ որպես փոխհատուցում պահանջում է մեկ մլն ՀՀ դրամ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանը։

«Այսօր եմ ստացել հայցը։ Մարզպետը հայցում նշել է, որ իր պատիվն ու արժանապատվությունը խաթարվելեն, երբ ես ֆեյսբուքյան գրառումներիցս մեկում իրեն անվանել եմ դավաճան։ Նա պահանջել է հերքում եւ մեկ միլիոն դրամի փոխհատուցում։ Իմ կարծիքով՝ ինքը վարչապետի հանձնարարությունն է կատարում, հակագրոհի են անցել»,– ասաց նախկին վարչապետը։

Նշենք, որ այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հայց է ներկայացրել՝ ընդդեմ Հրանտ Բագրատյանի։

Մարզպետն անդրադառնալով նախկին վարչապետի՝ ավելի վաղ արված հայտարարությանը, թե «ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում», ասել էր, որ այդ հայտարարությունը բացասական ազդեցություն է ունեցել ներդրումային միջավայրի վրա։

«Անասնապահության ոլորտում 4 մլն դոլարի ներդրումային ծրագիր ունեինք, այն հիմա կանգնած է, իհարկե, կարծես թե մենք գտնվում ենք այդ խնդրի լուծման փուլում, բայց այդ խոսակցությունների ժամանակ կանգնեց, եւ ներդրողները ժամանակ ուզեցին, որպեսզի հասկանան՝ իրենց մասնակցությունը վերահաստատում են, թե ոչ։ Երկրորդ ծրագիրը խոշոր թռչնաբուծական համալիրի կառուցումն էր, որը եւս կանգնել է այդ պատճառով, եւ մենք փորձում ենք դա եւս վերագործարկել»,–ասել էր ՀայկՉոբանյանը։

Տավուշի մարզպետը նշել էր, թե այդ հայտարարությունը ոչ միայն ազդեցություն է ունեցել տնտեսական բաղադրիչի վրա, այլեւ այն անվտանգային նշանակություն ունի։

«Որովհետեւ այդտեղ ապրում են մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ ապրել են իրական վտանգի տակ եւ ըստ էության պատերազմական վիճակում, եւ չի կարելի այդ մարդկանց հաշվին պոպուլիստական բաներ հավաքել»,–ասել էր նա ու հավելել նաեւ, որ «իրենք փոքր–փոքր քարերով ամրոց են կառուցում, իսկ այդպիսի հայտարարությունները ամբողջ պատը քանդում են»։

«Քաղաքական գործիչը իրավունք չունի՞, երբ որ իրադարձություն է տեղի ունենում… ձայն չհանի՞, որ Ղարաբաղը տվել են, Գորիսում սահմանները տվել են, թուրքը եկել է, գծի վրա է նստել, այսինքն՝ մենք սրա մասին չխոսենք՝ ինչ է, թե անասնապահական ծրագրերը կկանգնե՞ն։

Եթե մեր հայրենիքի հետ կապված խնդիրներ կան՝ անդորրը խանգարելը ո՞րն է։ Այսինքն՝ եթե հիմա մենք հայտարարում ենք, որ Ղարաբաղին դավաճանել են, հենց մեկն էլ ինքը, անդո՞րր ենք խանգարում։ Իրենց  ծրագրում գրած էր, որ Ղարաբաղը կդառնա անկախ պետություն, հիմա Ղարաբաղը չկա։ Ես հազար ու մի բացատրություն ունեմ գործող վարչակարգի դավաճանության մասով, այդ թվում՝ իրմասով։

Ինչ վերաբերում է անասնապահական եւ թռչնաբուծարանի ծրագրերի վերաբերյալ ասածին, ապա դա աբսուրդի ոլորտից է։ Դա միայն վկայում է, որ մեր հարցադրումները ճիշտ են, ու իրենք ինֆորմացիա չեն տալիս։ Իրենք նույնիսկ օրենք ընդունեցին, որի արդյունքում հիմա մոտենալ չի լինում սահմանին, որպեսզի տեսնենք՝ սահմանը որքանով է հեռացել, ինչքանով են տեղափոխել։ Ընդամենը Ազատամուտի բնակիչների արձագանքն ենք ասել, որոնք անհանգստացել էին դրանից։

Ղարաբաղը հանձնել եք, քիչ չի, անցնում եք դիկտատուրայի՞, դուք տեսեք՝ ինչքան պետք է մարդը ամոթ չունենա, որ ասի՝ անասնապահական ծրագիր կար, բայց չի լինում իրագործել, գուցե չի լինում իրագործել, որովհետեւ սահմանն այնքան մոտ է, որ մարդիկ վստահ չե՞ն զգում։ Գնացեք, ներդրողներին գտեք ու հարցրեք, թե ինչու չեք ցանկանում ներդրում կատարել։ Եթե ներդրողը հրաժարվել է ներդրումից, չի հրաժարվել այն պատճառով, որ Բագրատյանն է ասել, հնարավոր է հրաժարվել է այն պատճառով, որ համարում է՝ ֆիզիկապես այլեւս դա անհնար է»,– անդրադառնալով Տավուշի մարզպետի հայտարարություններին՝ ասաց Հրանտ Բագրատյանը։