գլխավոր Պաշտոնական Պաշտպանության նախարարը հանդիպել է Ջալալ Հարությունյանի հետ

Պաշտպանության նախարարը հանդիպել է Ջալալ Հարությունյանի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կարևորում է ետպատերազմյան շրջանում զինված ուժերի ենթակառուցվածքների վերականգնման, վերազինման և արդիականացման գործընթացում նաև ռազմական գիտության զարգացման անհրաժեշտությունը։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր նախարարն այցելել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայություն, հանդիպել ծառայության անձնակազմի հետ։

Նախարարը նշել է, որ զինված ուժերի ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ իրականացվելու են համալիր միջոցառումներ կադրային քաղաքականությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար։

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նախարարին զեկուցել է 2020–ի ընթացքում կատարված աշխատանքների, ստուգումների արդյունքների, հայտնաբերված թերացումների վերաբերյալ։

Ներկայացվել են նաև զորքերի մարտական պատրաստության, թիկունքային ապահովման, սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ կապված խնդիրներին և անձնակազմի մարտունակությանը վերաբերող հարցեր։

Նախարարը բարձր է գնահատել Ռազմական վերասկողական ծառայության դերակատարումը զինված ուժերի մարտունակության ամրապնդման և բարեփոխումների իրականացման գործում: