գլխավոր Միջազգային Սուտ է. Զախարովան` Ստոլտենբերգի հայտարարության մասին

Սուտ է. Զախարովան` Ստոլտենբերգի հայտարարության մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հայտարարությունը Մոսկվայի՝ Բրյուսելի հետ երկխոսությունից հրաժարվելու մասին սուտ է:

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, գրում է vedomosti.ru-ն:

«Պարոն Ստոլտենբերգի բոլոր հայտարարությունները, թե Ռուսաստանը հրաժարվում է երկխոսությունից, չեն համապատասխանում իրականությանը, դա սուտ է»,- ասել է Զախարովան:

Նա նաև նշել է, որ Մոսկվան դաշինքին առաջարկել է առարկայական խոսակցություն ունենալ ռազմական  փորձագետների ներգրավմամբ, ինչպես նաև չմտնել «քաղաքականացված PR պատմության մեջ, որով այդքան հայտնի են ՌԴ արևմտյան գործընկերները»:

«Այս բոլոր առաջարկները պարոն Ստոլտենբերգի սեղանին են: Կարող եք գտնել թղթերը, և ընդհանուր առմամբ, դադարեցնել ապատեղեկատվություն տարածել այն մասին, որ Ռուսաստանն իբր հրաժարվում է երկխոսությունից»,- ամփոփել է նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ափսոսում է, որ 2019-ի ամառվանից Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ոչ մի հանդիպում չի անցկացվել, քանի որ Մոսկվան, ենթադրաբար, չի մերժել է նիստին մասնակցելու հրավերը:

««Սառը պատերազմի» ավարտից հետո մենք աստիճանաբար զարգացրել ենք առավել սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ես ներկա եմ եղել ՆԱՏՕ-ի բազմաթիվ գագաթնաժողովների, հանդիպումների, որտեղ ներկա են եղել նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Հենց Ռուսաստանն է դադարել հավատալ համագործակցության և փոխադարձ վստահության գաղափարին»,- հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ֆլորիդայի համալսարանում «ՆԱՏՕ-ի ապագան» խորագրով միջոցառման ժամանակ: