գլխավոր COVID-19 Կրեմլի պատասխանը` Մակրոնի` «hամաշխարհային պատերազմի նոր տեսակի» մասին հայտարարությանը

Կրեմլի պատասխանը` Մակրոնի` «hամաշխարհային պատերազմի նոր տեսակի» մասին հայտարարությանը

Կրեմլում համաձայն չեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարության հետ, որ Ռուսաստանը և Չինաստանը «պատվաստանյութերի պատերազմ» են վարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Կրեմլի խոսնակը նշել է, որ Մոսկվան պատասխանատու մոտեցում է ցուցաբերում ցանկացած գլոբալ խնդիր լուծելու հարցում, և այդ վերաբերմունքն արտացոլվում է համավարակի ընթացքում իր վարած քաղաքականության մեջ:

Միևնույն ժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի փորձել քաղաքականացնել կորոնավիրուսի դեմ պայքարի թեման:

«Ռուսաստանը պատվաստանյութը որպես ազդեցության գործիք օգտագործելու որևէ ձգտում չի ունեցել, չունի և երբեք չի էլ ունենա»,-ասել է նա:

Պեսկովը ավելացրել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Վլադիմիր Պուտինի ու Էմանուել Մակրոնի փոխվստահելի երկխոսությունը, նրանք երբեք չեն շրջանցում սուր թեմաները, բայց դրանցից մի քանիսի շուրջ տարաձայնություններ կան:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ առցանց գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ Եվրոպան բախվել է «համաշխարհային պատերազմի նոր տիպին»՝ կապված պատվաստումների հետ: Նրա խոսքերով` դա պայմանավորված է նաև «Ռուսաստանի և Չինաստանի` պատվաստանյութերի օգնությամբ ազդեցություն տարածելու ցանկությամբ»: