գլխավոր Միջազգային Եվրամիությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Նավալնիին

Եվրամիությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Նավալնիին

Եվրամիությունը մտահոգված է Ռուսաստանում գաղութում գտնվող ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակով և կոչ է անում «անհապաղ ազատ արձակել» նրան: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլ Մասրալլին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան, գաղութում Նավալնին այցելելուց հետո, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր բլոգերի առողջական խնդիրների մասին, ըստ նրա, Նավալնիի ոտքն ու մեջքը ցավում էին: Պատիժների իրականացման դաշնային ծառայությունը հետազոտությունների արդյունքներով Նավալնիի առողջական վիճակը բավարար և կայուն է գնահատել:

«Ահազանգող հաղորդագրություններ գաղութում Ալեքսեյ Նավալնիի առողջության վատթարացման մասին: Ռուսաստանի իշխանությունները պետք է Նավալնիին բժշկական օգնություն տրամադրեն, թույլ տան, որ փաստաբանները այցելեն նրան», – գրել է Մասրալլին իր թվիթերյան էջում:

Նրա խոսքերով՝ ԵՄ-ն շարունակում է կոչ անել «անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել» Նավալնին և հետաքննել նրա հետ կապված միջադեպը:

Հետախուզման մեջ գտնվող Նավալնին հունվարի 17-ին Գերմանիայից վերադարձել է Ռուսաստան և ձերբակալվել է օդանավակայանում: Փետրվարի 2-ին Մոսկվայի Սիմոնովյան դատարանը որոշում է կայացրել չեղյալ համարել Նավալնիի պայմանական պատժաչափը Իվ Ռոշերի գործով և փոխարինել այն 3,5 տարվա ազատազրկմամբ: