գլխավոր Իրադարձային Վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման հարցով դիմել եմ Վենետիկի հանձնաժողով. Զոհրաբյան

Վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման հարցով դիմել եմ Վենետիկի հանձնաժողով. Զոհրաբյան

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային կառույցներին՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած և ընդունված նախագծի առնչությամբ, որով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափերը բարձրացվում են համապատասխանաբար մինչև 3 մլն և մինչև 6 մլն դրամ: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Զոհրաբյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում:

Ըստ Զոհրաբյանի՝ այդ օրինագիծն ուղղված է խոսքի ազատության դեմ, ազատ խոսքը լռեցնելու դեմ: «Սա ուղղակի ճնշում է լրատվամիջոցների վրա, քաղաքական գործիչների վրա, քաղաքացիների վրա, որ իրենք կաշկանդված լինեն իրենց ազատ խոսքը արտահայտելու: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո իմ դիտարկումները, իմ մտահոգությունները ուղարկել եմ Վենետիկի հանձնաժողով, ուղարկել եմ ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների հանձնակատարին և լրագրողական ու իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպությունների»,-ասաց պատգամավորը:

Նա տուգանքների բարձրացված չափերը համարեց անտրամաբանական, անհամաչափ:

Խորհրդարանը վերջին քառօրյա նիստում ընդունել է Ալեն Սիմոնյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով վիրավորանքի համար նախատեսված մինչև 1 մլն փոխհատուցման չափի սահմանվել է մինչև 3 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 մլն դրամի փոխարեն՝ մինչև 6 մլն դրամ: