
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանի և Ղազախստանի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը, որը հրապարակվել է խորհրդարանի ստորին պալատի էլեկտրոնային տվյալների բազայում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Փաստաթուղթը նախատեսում է ՌԴ-ի և Ղազախստանի միջև 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Նուր-Սուլթանում ստորագրված ռազմական համագործակցության մասին պայմանագրի վավերացում:
Պարզաբանվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է 1994 թվականի մարտի 28-ին թվագրված նմանատիպ փաստաթղթի որոշակի դրույթների արդիականության կորստի պատճառով:
Փաստաթուղթը սահմանում է «Ռուսաստանի և Ղազախստանի միջև ռազմական համագործակցության միջոցառումների իրականացումը կարգավորող միջազգային-իրավական հիմքերը և դրանց իրականացման ձևերը»:
«Պայմանագրի իրականացման համար կողմերի լիազոր մարմիններն են՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը»,- նշված է փաստաթղթին կից բացատրական գրության մեջ: